Հայաստանում համաճարակային իրավիճակը բարելավվել է: Այդ մասին պարետատան նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց, որ ամենօրյա նոր դեպքերի թվով վերադաձել ենք մայիսի վերջի մակարդակին, ծանր հիվանդների թվով՝ նույնպես, իսկ ծայրահեղ ծանր հիվանդների թվով՝ հունիսի սկզբի մակարդակին:
«Այս համեմատությունը, իհարկե, հարաբերական է, ծանր և ծայրահեղ ծանր հիվանդների թիվը նվազել է ոչ միայն ապաքինման, այլև մահվան պատճառով: Ունենք 723 մահ, և ես իմ ցավակցությունն եմ հայտնում նրանց ընտանիքներին»,- ասաց վարչապետը:
Նա հայտարարեց, որ Հայաստանում սկսվել է կորոնավիրուսի հաղթահարման փուլ, և իրավիճակի բարելավումն ուղղակիորեն կապված է կառավարության ձեռնարկած հակահամաճարակային միջոցառումների հետ, դրա անկյունաքարը, ըստ նրա, դիմակների պարտադիր կրումն է փակ և բաց տարածքներում:
«Սակայն ուզում ենք ահազանգել, որ եթե այս թվերի նվազման ֆոնին մենք թուլացնենք մեր զգոնությունը, կարող ենք շատ արագ վերադառնալ ամենաճգնաժամային իրավիճակին և թվերի լրջագույն ավելացում ունենալ: Հուսով ենք՝ քաղաքացիները կպահպանեն հակահամաճարակային կանոնները, քանի որ տեսել ենք երկրներ, որոնք բարելավումից հետո զգոնության թուլացում են արձանագրել և ունեն իրավիճակի վատթարացում:
Ուստի, շարունակեք պահպանել հակահամաճարակային կանոններն ավելի մեծ զգոնությամբ, քանի որ մենք ստացել ենք շանս հաղթահարելու այս ճգնաժամը»,- ընդգծեց Ն.Փաշինյանը՝ հավելելով, որ ոստիկանությունը շարունակելու է ուժեղ վերահսկողություն իրականացնել:
«Շատ քաղաքացիներ ակնկալում են սահմանափակումների որոշակի թուլացում, դա մեր օրակարգի ամենօրյա հարց է, և որևէ մեկը կառավարությունից շահագրգռված չէ այդ հարցում: Եթե կա օբյեկտիվ հնարավորություն, որոշումը կայացվում է: Եթե նման որոշում չի կայացվում, նշանակում է, որ դեռևս այդպիսի թուլացումների պատրաստ չենք:
Շատերին հետաքրքրում է՝ ավիափոխադրումների արագ վերաբացում կլինի, թե ոչ, հատկապես օգոստոսին՝ հանգստայն սեզոնի պիկին: Առաջարկում եմ հանգիստն անցկացնել Հայաստանում և զարգացնել ներքին տուրիզմը: Իհարկե, հանգստյան տների նկատմամբ խիստ ռեժիմ է սահմանվելու, որպեսզի նրանք գործունեությունը ծավալեն ըստ պարետատան պահանջների»,- եզրափակեց վարչապետը: