5-6-րդ դասարանների համար նախատեսված «Բնություն» առարկայի բովանդակության ձևավորման հիմքում համակարգային մոտեցումն է: Այն նախատեսվում է դասավանդել շաբաթական 2 դասաժամ ծանրաբեռնվածությամբ՝ հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:
Ի տարբերություն ներկայումս գործող նույն դասարանների համար նախատեսված «Բնագիտություն» առարկայի, ուսումնական այս նյութը տարբեր բնագիտական առարկաներից վերցրած նյութերի մեխանիկական կցագրում չէ, այլ համախմբվել է ուսումնասիրվող որոշակի օբյեկտների և երևույթների շուրջ՝ դրանք դիտարկելով իրենց փոխադարձ առնչություններով և կապերով:
Ծրագիրը զերծ է բարդ տերմինաբանությունից, օրինակ՝ նախորդ դասագրքերում և չափորոշիչներում, մասնավորապես՝ քիմիայից, կային թթուների, հիմքերի, աղերի սահմանումներ և ավելի խորը գիտելիքներ պահանջող հատվածներ, որոնք անհասկանալի էին մնում աշակերտներին և միտված էին անգիր հիշելուն։
Քիմիային առնչվող նյութը հնարավորինս պարզեցվել է և նպատակ ունի աշակերտին հանրամատչելի տեղեկություններ հաղորդելու առօրյայում հանդիպող նյութերի, դրանք անվտանգ օգտագործելու մասին՝ զերծ մնալով վերացարկումներից և բարդ բնորոշումներից։ Ֆիզիկայի մասով ևս նյութը զերծ է երևույթների բանաձևային ներկայացումներից։ Առաջարկվող չափորոշչում և ծրագրում հանվել է հյուսվածքներին, հյուսվածքների տիպերին վերաբերող նյութը։
5-րդ դասարանում երեխաները ուսումնասիրում են բույսի աճը, զարգացումն ու բազմացումը։ Իսկ 6-րդ դասարանում մարդու որոշ օրգան-համակարգերի մասին տեղեկատվություն՝ յուրաքանչյուր թեմայի մեջ շեշտելով կառուցվածքի և գործառույթի կապը։
Գործող ծրագրով աշխարհագրության բաղադրիչը գրեթե ամբողջությամբ ուսումնասիրվում է 5-րդ դասարանում, որն առաջարկվող նոր ծրագրով տեղափոխվել է 6-րդ դասարան: Սա պայմանավորված է առարկայի առաջարկվող նոր չափորոշչի կառուցվածքային և բովանդակային փոփոխությամբ: Բոլոր թեմաների ընտրությունը կատարվել է՝ հաշվի առնվելով երեխաների տարիքային առանձնահատկությունները։
Ավագ դպրոցի «Բնագիտություն» ինտեգրված առարկան՝ որպես պարտադիր առարկա, նախատեսված է այն բոլոր սովորողների համար, որոնք ավագ դպրոցում չեն ուսումնասիրելու որևէ բնագիտական առարկա: Այն նախատեսված է ուսումնասիրել 10-րդ և 11-րդ դասարաններում: Առարկայի անհրաժեշտությունը բխում է ավագ դպրոցում սովորողների բնագիտական կրթության շարունակականության և ամբողջականության սկզբունքներից: Նախատեսվում է առարկան դասավանդել շաբաթական 2 դասաժամ ծանրաբեռնվածությամբ։
«Բնագիտություն» առարկայի ուսուցման նպատակը հիմնական դպրոցում տարբեր բնագիտական առարկաներից ձեռք բերած գիտելիքների ընդհանրացման ու մեկ միասնական համակարգով ներկայացման միջոցով սովորողների գիտական աշխարհայացքի ձևավորումն է, նրանց մտավոր որակների, կենդանի և անկենդան բնության մասին գիտելիքները ուսումնական գործընթացում, անձնական և հասարակական կյանքում կիրառելու կարողությունների զարգացումը: Առարկայի բովանդակության կառուցման հիմքում ընկած է համակարգային մոտեցումը, համաձայն որի` օբյեկտներն ու երևույթները դիտարկվում են որպես միմյանց հետ փոխազդող տարրերի ամբողջական համակարգեր, օրինակ՝ բնական համակարգեր (օրգանիզմ, էկոհամակարգ և այլն), տեխնիկական համակարգեր (համակարգիչ, հրթիռ և այլն), սոցիալական համակարգեր (կրթական համակարգ, առողջապահական համակարգ և այլն) և այլն: Բոլոր թեմաների ընտրությունը կատարվել է՝ հաշվի առնվելով երեխաների տարիքային առանձնահատկությունները: