Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը պարետատան նիստից հետո անցկացվող ճեպազրույցի ընթացքում նշեց, որ դանդաղ, սակայն կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի անկում է նկատվում:
«Նախորդ երկու, երեք շաբաթների թվերի հետ համենատած՝ ակնհայտ է, որ բացարձակ թվով և տոկոսով մենք ունենք բարելավում, ինչը իրապես լավ հնարավորություն է իրավիճակն այնքան լավացնելու, որ սա ճգնաժամային իրավիճակ չհամարվի»,-ասաց Թորոսյանը:
Թորոսյանը նաև ներկայացրեց, որ ամենաշատ պացիենտները եղել են հուլիսին, և եթե համաճարակային առումով այն համարվի պիկ, ապա Հայաստանում պիկը եղել է այդ ժամանակ: Նա շեշտեց, որ շարունակելով համաճարակաբանական բոլոր պարզ կանոնների պահպանումը ՝ դիմակների կրումը, սոցիալական հեռավորության պահպանումը և ձեռքերի ախտահանումը, կա հնարավորություն, որ կլինի այնպիսի իրավիճակ, որն այլևս ճգնաժամ չի համարվի:
«Մենք վաղուց հոսպիտալացման խնդիր չունենք և, հակառակը, հիմա ունենք բազմաթիվ ազատ հիվանդանոցային մահճակալներ թե՛ սովորական թթվածնային հագեցվածությամբ, թե՛ վերակենդանացման մահճակալներ, որոնք փաստացի զբաղված չեն, և անհրաժեշտություն ունենք որոշումներ կայացնելու, թե ինչ ենք անելու նրանց հետ: Դրանով պայմանավորված՝ մենք աստիճանական գնալու ենք մահճակալային ֆոնդի հետ ծավալման՝ միշտ պատրաստ լինելով մեկ-երկու օրվա մեջ դրանց նորից նույն ծավալով աշխատեցնելու՝ հաշվի առնելով, որ իրավիճակը նորից կարող է փոխվել, եթե մենք չշարունակենք հակահամաճարակային կանոնները լավ պահել»,-ասաց նախարարը:
Արսեն Թորոսյանի խոսքով՝ երեք բուժկենտորններ՝ հավանաբար Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցը, Վեդու և Դիլիջանի բուժկենտրոնները, օգոստոսի մեկից կվերադառնան իրենց հիմնական աշխատանքին:
«Երևանի ևս երեք կենտրոններ մոտակա 7-10 օրերի ընթացքում իրավիճակի նույն տեմպի պահպանման դեպքում նույնպես կվերադառնան իրենց հիմնական աշխատանքին, և այդ տրամաբանությամբ կգնանք այնքան, որքան պետք լինի: Հավելյալ մահճակալային ֆոնդ չենք պահի, բայց միևնույն ժամանակ այս 2700-800-ին մոտ մահճակալային ֆոնդը միշտ պատրաստ է լինելու մեկ-երկու օրվա մեջ ծավալվելու, որպեսզի կարողանանք այդ մարտահրավերներին դիմագրավել, եթե դա տեղի ունենա»,-ասաց առողջապահության նախարարը:
Անդրադառնալով ծանր, ծայրահեղ ծանր պացիենտների թվին, նախարարը հիշեցրեց, որ նախկինում նշվում էր, որ նրանց թիվը տատանվում էր 650-ի շուրջ, իսկ այժմ 500 և ավելի ցածր են: Նա շեշտեց, որ կա էական առաջընթաց, որը կհանգեցնի նաև քիչ թվով մահացության դեպքերի: