ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ օգոստոսի 1-10-ը կանցկացվի «Արմմոնո» 18-րդ միջազգային թատերական փառատոնը: Ներկայացումները կանցկացվեն բացօթյա հարթակներում, խստորեն կպահպանվեն հակահամաճարակային կանոնները: Փառատոնի ծրագրով նախատեսված բոլոր ներկայացումները կցուցադրվեն նաև առցանց՝ ուղիղ հեռարձակմամբ։
Այս տարի փառատոնը նվիրված է հայ մեծանուն գրող, արձակագիր Հրանտ Մաթևոսյանի ծննդյան 85-ամյակին: Փառատոնը կբացվի ՀՀ վաստակավոր արտիստ Նարինե Գրիգորյանի «Գոմեշը» մոնոներկայացումով՝ ըստ Հ. Մաթևոսյանի: Փառատոնի շրջանակում կցուցադրվի 21 մոնոներկայացում, որից մեկը՝ «Տիեզերքը մեր տունն է» մանկական ներկայացումը, Դավիթ Եղիազարյանի մասնակցությամբ: Փառատոնին մասնակցում են դերասաններ Նարեկ Բաղդասարյանը, Զարուհի Խաչատրյանը, Լիլյա Մուկուչյանը, Նաիրա Եդիգարյանը, Դավիթ Աբրահամյանը, Արամ Հայրապետյանը և այլք: Ստեղծված իրավիճակից ելնելով՝ այս տարի փառատոնը չի հյուրընկալի արտերկրի դերասաններին: Փառատոնի առցանց տիրույթը կլինի հագեցած. կցուցադրվեն օնլայն ներկայացումներ՝ Ֆրանսիայից, ՌԴ-ից, Վրաստանից, Լիտվայից, Ուկրաինայից և այլն: Փառատոնի մասնակիցներին այս անգամ առցանց կողջունեն մոնոփառատոների տնօրենները՝ Նինա Մազուրը, Իոլանտա Սուտովիչը, Մարիա Տանանան ու այլք: Համապատասխան թույլտվություն ստանալուց հետո ներկայացումները կցուցադրվեն «Մոսկվայի տուն» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի, Զուլում և Մուշեղ Գրիգորյանների արվեստանոցի բացօթյա տարածքներում, ինչպես նաև թիվ 15 սրճարանում: Հայ դրամատուրգ Կարինե Խոդիկյանը կներկայացնի իր հեղինակած և օրերս ավարտին հասցրած «Ինչպես խույս տվեցի քովիդից, բայց...» պիեսը: «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնը կհյուրընկալվի նաև Վանաձորում: Վանաձորի Հ. Աբելյանի անվան թատրոնի բացօթյա տարածքում նախատեսված է երկու մոնոներկայացման ցուցադրություն՝ ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանի, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Մայիս Սարգսյանի մասնակցությամբ: Փառատոնի շրջանակում կցուցադրվեն նաև դեբյուտային ներկայացումներ: