ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ նախկին համանախագահ Ջեյմս Ուորլիքը «Ամերիկայի ձայնի» հետ հարցազրույցում հայտարարել էր, թե Հայաստանում 2018-ին տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունից հետո Ադրբեջանում հույս էր առաջացել հարցի կարգավորման մասով, բայց դրան հաջորդել է հիասթափությունը:
Քաղաքագետ Նարեկ Մինասյանը 1lurer.am-ի հարցին ի պատասխան անդրադարձավ Ուորլիքի հայտարարություններին:
«Նախևառաջ Ուորլիքն իր հայտարարության մեջ նշում է, որ Հայաստանում տեղի ունեցած Թվաշյա, ոչ բռնի հեղափոխությունից հետո կար լավատեսություն, թե իբր հայկական կողմի դիրքորոշումը կարող է փոխվել և Ադրբեջանական կողմը ուներ որոշակի ակնկալիքներ: Նման ընկալում կարծես թե եղել է, այդ թվում՝ նաև միջազգային որոշ շրջանակների մոտ, սակայն կարծում եմ՝ նման մտայնություն կարելի է ունենալ միայն այն դեպքում, երբ լավ չեն ճանաչում Հայաստանն ու Հայաստանում Ղարաբաղյան հիմնախնդրի ընկալումները: Հեղափոխությունից հետո Հայաստանի իշխանությունները ոչ միայն չգնացին դիրքորոշման մեղման կամ ինչ-որ միակողմանի զիջումների, այլ՝ հակառակը, օգտվելով բարձր լեգիտիմությունից՝ առավել ամրապնդեցին իրենց դիրքերը: Սա կարծում եմ՝ բավական կարևոր նրբություն է, որը, ցավոք սրտի, նույն Ուորլիքն անտեսում է և այդքան էլ լավ չի պատկերացնում հայկական իրողությունը»:
ԱՄՆ նախկին համանախագահը նաև անդրադարձել է նրան, որ երկու պետությունների իշխանություններն ու ժողովուրդը բավարար քաղաքական կամք չեն դրսևորում հարցի լուծմանը գալու համար:
«Կարծում եմ՝ տվյալ դեպքում ևս առնվազն արդարացի չէ նման դիտարկում անելն ու նույն նժարի վրա դնել Հայաստանի իշխանություններին և Ադրբեջանի իշխանություններին, առավել ևս՝ նրանց դիրքորոշումները: Գաղտնիք չէ, որ ադրբեջանական կողմը մշտապես հանդես է գալիս առավել ծավալապաշտկան դիրքերից և փորձում է ստանալ ամեն ինչ: Ինչ վերաբերում է հայկական կողմին՝ հայկական կողմը հետևողականորեն առաջ է տանում փոխզիջումային կարգավորման սկզբունքի վրա հիմնված տեսլականը, և նոր իշխանությունների կողմից տվյալ սկզբունքը ստացել է որոշակի բանաձևային ձևակերպում: Մասնավորապես այն, որ ցանկացած կարգավորում պետք է ընդունելի լինի, Հայաստանի, Ադրբեջանի և Արցախի ժողովուրդների համար: Տվյալ կոչը մի քանի անգամ հնչեցվել է, սակայն ադրբեջանական կողմը որևէ ձևով չի արձանագրել և այդպիսով չի արտահայտել իր համաձայնությունը փոխզիջումային կարգավորման տարբերակի վերաբերյալ: Նույն Ուորլիքը կարծես թե հաշվի չի առել նաև այս առանձնահատկությունը»,- ասաց փորձագետը:
«Ամերիկայի ձայնին» տված հարցազրույցում Ուորլիքը նաև հայտարարել էր՝ երբ դեռ համանախագահ էր, բանակցում էին երկու երկրների նախագահների հետ, որոնք, ըստ էության, ձգտում էին հասնել կարգավորման, և կար հասարակական աջակցություն լուծման քննարկվող տարբերակի շուրջ՝ առանց հստակեցնելու, թե ինչ կարգավորում պետք է լիներ: Գաղտնիք չէ, տարբեր աղբյուրներ և պաշտոնյաներ ևս հայտարարել են, որ մի քանի անգամ մոտ են եղել համաձայնության ստորագրմանը, սակայն օրինակ՝ Կազանում Իլհամ Ալիևը առաջ էր քաշել նոր կետեր և դրա արդյունքում տապալվել էր ստորագրման գործընթացը՝ ասաց Մինասյանը: Ըստ նրա, ակնհայտ է, որ Հայաստանի ներկայիս կառավարությունը բանակցային գործընթացը սկսում է նոր կետից ու բովանդակությունից:
«Մասնավորապես՝ հայկական կողմը փորձեց վերադիրքավորվել բանակցային սեղանի շուրջ և հստակ արտահայտվեց օրինակ՝ Արցախի բանակցային սեղան վերադառնալու անհրաժեշտության մասին ,և դա հստակ փաստարկվեց նրանով, որ Հայստանի գործող իշխանությունը չունի Արցախի բնակչության լեգիտիմ մանդատը նրան ներկայացնելու համար: Սա կարևոր արձանագրում էր և մինչ օրս էլ Հայաստանի իշխանությունները հետևողականորեն առաջ են տանում այս գիծը: Եվ կարծես թե սա նոր երանգավորում բերեց բանակցային սեղանին:
Միևնույն ժամանակ հայկական կողմը արձանագրելով իր կարմիր գծերը՝ չի շտապում հստակեցնել, թե ինչ փոխզիջումների է պատրաստ՝ հստակեցնելով, որ տարիներ շարունակ Հայաստանը խոսել է փոխզիջումներից, սակայն նույն ադրբեջանական կողմը նմանատիպ որևէ հայտարարություն չի արել: Ադրբեջանը ոչ միայն չի ներկայացնում, թե ինչ փոխզիջումների է պատրաստ, այլև ընդհանրապես որևէ ձևով փոխզիջումային կարգավորման տրամաբանության վերաբերյալ արտահայտություն չի արել: Հատկապես հուլիսյան իրադարձությունները ևս մեկ անգամ հարված հասցրին բանակցային գործընթացին և, ինչպես հայկական կողմը պնդում էր վերջին երկու տարիներին, արդյունավետ բանակցություններ ունենալու համար նախևառաջ անհրաժեշտ է նպաստավոր միջավայր այդ գործընթացի համար, ինչն այսօր չունենք և այս հուլիսյան իրադարձությունները ևս մեկ անգամ ընդգծեցին նմանատիպ միջավայր ձևավորելու անհրաժեշտությունը: Հնարավոր չէ ակնկալել բովանդակային, արդյունավետ բանակցություններ, քանի դեռ մենք չունենք նմանատիպ միջավայր»,-նշեց Մինասյանը:
Ըստ Միանսյանի՝ Ուորլիքն իր հարցազրույցում փորձել է խոսել որպես նախկին համանախագահ՝ օգտագործելով հենց համանախագահներին բնորոշ բառապաշար, ովքեր փորձում են խուսափել մատնանշելուց, թե որ կողմն է հրադադարը խախտողը:
«Վստահաբար կարելի է պնդել, որ համանախագահները լավ տիրապետում են, թե որ կողմն է խախտել հրադադարը: Որովհետև հայկական կողմը պարբերաբար համանախագահներին ներկայացնում է նաև փաստական ապացույցներ, որոնք սահամանի տարբեր հատվածում արված ձայնագրություններ ու տեսանյութեր են: Հաշվի առնելով, որ այս պահին սահմանի ողջ երկայնքով կա նմանատիպ տեխնիկական հագեցվածություն, հայկական կողմի համար հեշտ է ներկայացնել նմանատիպ ապացույցները: Միևնույն ժամանակ՝ համանախագահող երկրները՝ Ռուսատանը, Ֆրանսիան, ԱՄՆ-ն ունեն բավարար տեխնիկական հնարավորություններ, այդ թվում՝ տիեզերական, և կարծում եմ՝ նրանց համար ընդհանրապես դժվարություն չէ, ցանկության դեպքում օբյեկտիվորեն բացահայտել, թե որ կողմն է սկսել հրադադարի խախատումը»,-շեշտեց քաղաագետ Նարեկ Մինասյանը: