Հունվար-Հունիս ամիսներին Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 4,7 տոկոսով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ անկման պատճառը երեք ոլորտների բացասական ցուցանիշներն են: Շինարարությունը տվյալ ժամանակահատվածում գահավիժել է 23,4 տոկոսով: Առևտրի շրջանառությունը՝ 11,1 տոկոսով, իսկ ծառայությունների ծավալը՝ 6,4 տոկոսով:
Հակառակ այս ոլորտների` կանաչ գոտում է արդյունաբերությունը և գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը՝ 1,5 և 1.7 տոկոսով համապատասխանաբար: Աճել է նաև էլեկտրաէներգիայի արտադրանքի ծավալը՝ 4,4 տոկոսով:
Շարունակում է նվազել արտաքին ապրանքաշրջանառության ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ 10.7 տոկոսով: Արտահանումն ունեցել է 6,5 տոկոսի նվազում, ներմուծումը՝ 12,9 տոկոսի: Վեց ամսվա ընթացքում գրեթե անփոփոխ է մնացել գնաճը՝ աճելով 0,5 տոկոսով:
Հայաստանի տնտեսությունը շարունակել է անկում ապրել նաև հունիսին: Այն կազմել է 7,5 տոկոս: Նախորդ ամիս բացասական ցուցանիշներ են արձանագրվել բոլոր ոլորտներում: Որոշ կանխատեսումների համաձայն, հուլիսին տնտեսությունն արդեն սկսել է վերականգնվել համավարակի ազդեցությունից: