Հուլիսի 27-ին տեղի է ունեցել Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։
Արտգործնախարարները քննարկել են երկկողմ օրակարգին և տարբեր ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ՝ առանձնահատուկ կարևորելով առևտրատնտեսական և առողջապահական ոլորտները: Երկուստեք գոհունակություն է հայտնվել Հայաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև բարեկամական հարաբերությունների բարձր մակարդակի և համագործակցության զարգացման դինամիկայի առնչությամբ:
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նոր տիպի կորոնավիրուսի հետևանքների հաղթահարման ազգային և միջազգային մակարդակներում ձեռնարկվող քայլերին։
Նախարարները շոշափել են նաև միջազգային և տարածաշրջանային հրատապության մի շարք հարցեր։ Նախարար Մնացականյանը իր գործընկերոջը ներկայացրել է տարածաշրջանային խաղաղության և անվտանգության հարցերի առնչությամբ ՀՀ մոտեցումները: