«Մարտի 1»-ի գործով ամբաստանյալ Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը դատարանին միջնորդեց թույլատրել իր պաշտպանյալին երկու օրով հատել ՀՀ սահմանը և մեկնել Վրաստան՝ նրա ծննդավայր:
Դատավոր Դանիբեկյանի հարցին՝ տեղյա՞կ են՝ մուտքի և ելքի արգելքի ինչ սահմանափակումներ են գործում Վրաստանում, պաշտպանը նշեց, որ օգոստոսի 1-ից հանվելու են սահմանափակումները, և եթե ինքնամեկուսացման կամ վերադարձի խնդիր առաջանա, իրենք կճշտեն, այցը կհարմարեցնեն այնպես, որ չխոչընդոտի դատական նիստերը:
Մեղադրող Գևորգ Բաղդասարյանը հարգելի համարեց ՀՀ սահմանը հատելու Յուրի Խաչատուրովի ցանկությունը, սակայն, ըստ նրա, հասկանալի չէ, թե ինչպես են ճշտելու սահմանային ռեժիմի փոփոխությունը: «Երբ կհայտարարվի սահմանահատման փոփոխության մասին, այդ ժամանակ կարող ենք քննարկել հարց և կայացնել որոշում, այս պահին վերադարձի ռիսկերը կանխատեսելի չեն, նաև կարծում եմ՝ հնարավոր չէ ճշտել, թե ինչ ռեժիմ կարող է լինել Վրաստան մուտք գործելուց հետո»,- ասաց դատախազը:
Դատավորը նշեց, որ տեղյակ չէ՝ ինչ ռեժիմ է գործում Վրաստանում, ուստի կան ռիսկեր, որ Յուրի Խաչատուրովը ժամանակին հետ չի վերադառնա, ինչը կխոչընդոտի դատական նիստի անցկացումը, այն կարող է հետաձգվել առնվազն մեկ ամիս ժամկետով: Նա ընդգծեց նաև, որ չկա նաև մեկնելու անհետաձգելի պատճառ, ուստի նպատակահարմար չի գտնում թույլատրել Խաչատուրովին հատել ՀՀ սահմանը: