Մեկնարկել է «Մարտի 1»-ի գործով հերթական դատական նիստը: Նախագահող Աննա Դանիբեկյանը դատավարության մասնակիցներին տեղեկացրեց, որ փոփոխության է ենթարկվել դատարանում թարգմանչի ներգրավման կարգը: Նրա խոսքով՝ այսուհետ թարգմանիչը պետք է ներգրավվի Դատական դեպարտամենտի միջոցով, ինչպես եղել է նախկինում:
Ըստ այդմ՝ դատարանը որոշեց «Մարտի 1»-ի գործով այսօրվա դատական նիստին քննել թարգմանիչ ներգրավելու հարցը: Թարգմանչին ներկայացրել է մրցույթը հաղթած կազմակերպությունը: Թարգմանիչ Վարդուհի Շահինյանը ներկայացրեց ինքնակենսագրականը, պատասխանեց պաշտպանների հարցերին:
Պաշտպան Միհրան Պողոսյանի հարցին, թե Շահինյանն այս գործի նախաքննության փուլում իրականացրե՞լ է թարգմանություն, նա դրական պատասխան տվեց՝ նշելով, որ եղել է ամբաստանյալ Յուրի Խաչատուրովի թարգմանիչը:
Յուրի Խաչատուրովն ասաց, որ ինքը շատ ջերմ համագործակցություն է նկատել քննիչի և Վարդուհի Շահինյանի միջև՝ վերջինիս համարելով դատարան ուղարկված անձ: Ամբաստանյալը ցանկություն հայտնեց, որ իր թարգմանություններն իրականացնի ներկայիս թարգմանիչը:
Ա.Դանիբեկյանի հարցին՝ կա՞ն փաստական տվյալներ, որոնք կարող են վկայել թարգմանչի շահագրգռվածության մասին, Յ.Խաչատուրովը նշեց, որ իր մոտ տպավորություն է ստեղծվել, որ քննիչն ու թարգմանիչը վաղուց են ծանոթ, և իրեն պետք չէ թարգմանիչ, որին ինքը չի վստահում:
Թարգմանիչ Շահինյանը նշեց, որ քննիչի հետ աշխատում են արդեն 7 տարի և քննիչի հետ ունի գործնական հարաբերություններ:
Ա.Դանիբեկյանի խոսքով՝ քանի որ դատարանին հայտնի չեն փաստական տվյալներ թարգմանչի շահագրգռվածության վերաբերյալ, դատարանը որոշեց Վարդուհի Շահինյանին ներգրավել որպես Յուրի Խաչատուրովի թարգմանիչ:
Դատարանը հնարավորություն տվեց թարգմանիչ Բաղրամյանին շարունակել մասնակցել դատական նիստերին՝ անվճար հիմունքներով: Թարգմանիչը համաձայնեց: