Արցախի անվտանգության խորհրդի գրասենյակը կմշակի ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հայեցակարգ,- հայտարարել է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանը: Հայաստանն Արցախի անվտանգության երաշխավորն է. նշված է ազգային անվտանգության ռազմավարության նոր հայեցակարգում, որը հաստատվել է 2 շաբաթ առաջ:
Հակամարտության խաղաղ կարգավորման դիրքերից հանդես գալով հանդերձ՝ Հայաստանի Հանրապետությունը, որպես Արցախի անվտանգության երաշխավոր, աջակցում է Արցախի իշխանություններին Ադրբեջանի ռազմական ագրեսիայից և հարկադրանքից իրենց բնակչությանը պաշտպանելու գործում,- նշված է «Արցախի անվտանգության ապահովում» ենթաբաժնում:
Անուշ Դոլուխանյան, Արցախի անվտանգության խորհրդի գրասենյակի տեղեկատվական անվտանգության վարչության պետ - Որակական նոր հարթության վրա են դրված Արցախի վերաբերյալ Հայաստանի իշխանությունների մոտեցումները ու պետք է փաստել` Արցախին առանձին ենթագլուխ վերնագրելը արդեն փաստում է Հայաստանի իշխանությունների Արցախին երաշխավոր լինելը:
Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարի խորհրդական Անահիտ Շիրինյանի խոսքով` ռազմավարության կարևոր շեշտադրումներից է այն, որ Արցախի հարցը ներառվել է Հայաստանի ազգային շահերից մեկի համատեքստում: Ռազմավարության տեքստում Արցախի հարցը դիտարկվում է Հայաստանի անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և Արցախի անվտանգության ապահովման համատեքստում:
Անահիտ Շիրինյան- ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի խորհրդական - Ըստ էության, Արցախի հարցին բավականին բարձր կարգավիճակ է տրված տեքստում: Մյուս կարևոր նրբերանգն այն է, որ ամբողջ ռազմավարության տեքստում կնկատեք, Հայաստան, ՀՀ և Արցախ տերմինների կիրառումը փոխադարձաբար, որտեղ Հայաստանը, կոնտեքստից ինչպես կարող եք հասկանալ, հանդես է գալիս ավելի լայն աշխարհագրական և գաղափարական տարածք:
Անահիտ Շիրինյանը կարևորեց նաև այն կետը, ըստ որի Հայաստանը շարունակելու է սատարել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացմանը՝ առանց սահմանափակման և հարկադրանքի: Նա աննախադեպ արձանագրում համարեց նաև այն, որ Արցախը պետք է ունենա անվտանգության պաշտպանական գծեր:
Անահիտ Շիրինյան- ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի խորհրդական - Առանց սահմանափակման և հարկադրանքի ինքնորոշման իրավունքը կարևոր է, քանի որ դա փաստում է, որ որևէ սահմանափակում որևէ այլ ուժի կողմից չի կարող Արցախին պարտադրվել և Արցախի ժողովուրդն ինքն է որոշելու իր կարգավիճակը:
Արցախի Անվտանգության խորհուրդն ընդգծում է Հայաստանի և Արցախի համագործակցության հարցում կարևոր 5 սկզբունքները:
Անուշ Դոլուխանյան, Արցախի անվտանգության խորհրդի գրասենյակի տեղեկատվական անվտանգության վարչության պետ - Հավատարիմ լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական առաքելությանը` մենք շարունակում ենք հանդես գալ փոխզիջումային սկզբունքով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման դիրքերից:
Հաջորդ կետը վերաբերում է միջազգային փաստաթղթերի ամրագրված ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքին. այն լինելու է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հիմքում` որպես սեփական ճակատագիրը որոշելու արցախահայության բացառիկ իրավունք:
Անուշ Դոլուխանյան, Արցախի անվտանգության խորհրդի գրասենյակի տեղեկատվական անվտանգության վարչության պետ - Մյուս կողմից` Արցախը հակամարտության օբյեկտից վերափոխվելու է սուբյեկտի` այդպիսով ուղղակիորեն իրացնելով Արցախի ժողովրդի կողմից ընտրված իշխանությունների սուբյեկտայնությունը:
Արցախի անվտանգության խորհուրդը նաև նշում է՝ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումն այլընտրանք չունի: Արցախի անվտանգությունը ոչ մի պարագայում սակարկման ենթակա չէ:
Դոլուխանյանը վստահեցրեց՝ առաջիկայում հստակ կլինեն հակամարտության կարգավորման հայեցակարգի հիմնական շեշտադրումները: Ըստ Արցախի անվտանգության խորհրդի գրասենյակի ներկայացուցչի՝ խորհրդի գործունեությունը լինելու է հանրության խոշորացույցի տակ: