Այսօր Առինջի համայնքապետարանի աշխատակազմին, ավագանու անդամներին և ՀՈԱԿ-ների աշխատակիցներին ներկայացրեցի համայնքի ղեկավարի նոր պաշտոնակատար Հայկ Մկրտչյանին: Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:
«Հիշեցնեմ, որ ՀՀ Կոտայքի մարզի Առինջ համայնքի ավագանուն հրաժարականի դիմում էր ներկայացրել համայնքի ղեկավար Գագիկ Սարգսյանը, ով համայնքը ղեկավարում էր 2002 թվականից:
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մարմնի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետի և 26-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջներով, ինչպես նաև հիմք ընդունելով Առինջ համայնքի ղեկավար Գագիկ Սարգսյանի դիմումը՝ Առինջ համայնքի ավագանին 2020 թվականի հուլիսի 20-ի որոշմամբ վաղաժամկետ դադարեցրել է ՀՀ Կոտայքի մարզի Առինջ համայնքի ղեկավար Գագիկ Սարգսյանի լիազորությունները և օրենքով սահմանված կարգով դիմել ինձ:
Ներկայացնելով համայնքի ղեկավարի նոր պաշտոնակատար Հայկ Սարգսյանին՝ իմ գործուն աջակցությունը հայտնեցի նրան։
Առինջ համայնքում օրենքի և իրավունքի գերակայության երաշխավորումն առաջնային հրամայական եմ դիտարկում և վստահ եմ, որ համայնքի ղեկավարի պաշտոնակատարը ևս կիսում է այդ մոտեցումը: Շատ կարճ ժամանակ անց առինջեցին իր կյանքում ու գործունեության ոլորտում կզգա այդ փոփոխությունը:
Առինջ համայնքում խնդիրները բազմաթիվ են. ապօրինի հողազավթումներից մինչև ջրագծերի ու փողոցների նորոգում: Բայց օրենքով առաջնորդվելու ու քաղաքացու կյանքում դրական փոփոխություններ բերելու վստահ հանձնառությամբ քայլ առ քայլ կլուծենք կյանքի որակի վրա էական ազդեցություն ունեցող խնդիրները:
Բարի ընթացք»,- գրել է մարզպետը: