Գլխավոր հարկադիր կատարող Սերգեյ Մեղրյանը հուլիսի 16-23-ն աշխատանքային մի շարք հանդիպում-խորհրդակցություններ է անցկացրել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ղեկավար կազմի, կենտրոնական մարմնի ստորաբաժանումների, Երևան քաղաքի և մարզային բաժինների պետերի հետ, որի ընթացքում ներկայացվել և քննարկվել են Հարկադիր կատարումն ապահովող ծառայության 2020 թ. 1-ին կիսամյակում իրականացված գործունեության և հիմնական միջոցառումների վերաբերյալ հաշվետվությունները:
Ծառայության բոլոր բաժինների ղեկավարները զեկուցել են կատարողական վարույթների շրջանակում արված աշխատանքների արդյունքները, բաժիններում առկա խնդիրներն ու դրանց լուծմանն ուղղված համալիր գործողությունները։ Մասնավորապես՝ հատուկ ուշադրություն է դարձվել կորոնավիրուսի համավարակով պայմանավորված երկրում հայտարարված արտակարգ դրության պայմաններում կատարողական վարույթների ընթացքը, արդյունքները, ինչպես նաև համավարակի տարածումը կանխարգելելուն ուղղված միջոցառումները:
Արձանագրվել է, որ մարտի 16-ից հետո ավելացել է քաղաքացիների կողմից Ծառայությանն ուղղված էլեկտրոնային/առցանց դիմումների թիվը՝ կազմելով 3432:
Արտակարգ դրության ընթացքում ավելացել են նաև Ծառայության «Թեժ գծով» ստացված հեռախոսազանգերը: Ընթացք է տրվել շուրջ 21142 հեռախոսազանգի, որը 2019 թ. նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 11695 զանգով։
Կասեցվել են հաշվետու ժամանակահատվածում ճանապարհային ոստիկանության 92994 և ՏԻՄ-երի 8893 անբողոքարկելի դարձած վարչական ակտերի հիման վրա ապրիլի 14-ից հետո հարուցված կատարողական վարույթների շրջանակում կատարվող գործողությունները, ինչի կապակցությամբ պարտապանների դրամական միջոցների և գույքի վրա արգելանքներ չեն դրվել, բռնագանձումներ չեն կատարվել: Զեկուցվել է, որ կատարվում են անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներ նշված վարույթներն արտակարգ դրությունը վերացնելուց հետո վերսկսելու համար։
Արգելանք և բռնագանձում չի կիրառվել կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման միջոցառումների շրջանակներում 2020 թ. մարտի 16-ից հետո պետական բյուջեից ֆիզիկական և իրավաբանական անձանց որպես աջակցություն տրամադրված դրամական միջոցների, ինչպես նաև ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից քաղաքացիներին որպես աջակցություն տրամադրված դրամական միջոցների նկատմամբ։
Ընդհանուր առմամբ զեկուցվել է, որ հաշվետու ժամակահատվածում Ծառայության կողմից ընթացք է տրվել 698636 կատարողական վարույթի, ինչը 92566-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:
Խորհրդակցություն-քննարկումների ժամանակ ներկայացվել են նաև Ծառայության և պետական ու տեղական ինքնակառավարման մարմինների միջև էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության առկա խնդիրները, քննարկվել են քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի բարելավմանն ու արդյունավետության բաձրացմանն ուղղված աշխատանքներն ու ծրագրերը, անհապաղ և միջնաժամկետ կտրվածքով շտկման ենթակա բացթողումներն ու թերությունները։
Ի թիվս այլ հարցերի՝ զեկուցվել է նաև Ծառայության ՏՏ ոլորտի զարգացման, հարկադիր կատարման օրենսդրության բարելավման, միջազգային համագործակցության ամրապնդման, Ծառայության Երևան քաղաքի և մարզային բաժինների համաչափ զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին:
Ամփոփելով Ծառայության կիսամյակային գործունեության արդյունքները՝ գույքագրվել են առկա խնդիրները, իսկ գլխավոր հարկադիր կատարողի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ՝ Ծառայության բնականոն գործունեության արդյունավետությունն ու մատուցվող ծառայությունների որակն ապահովելու համար:
Ծառայության 2020 թ. 1-ին կիսամյակի հաշվետվությունն այստեղ: