Երեկ Ամուլսարի երկրորդ «պոստում» լարված իրավիճակ էր առաջացել, ընդհուպ՝ քաշքշուկ ցուցարարների և պահապանների միջև, որի արդյունքում մի քանիսին ոստիկանությունը բերման էր ենթարկել, հետո՝ բաց թողել:
Ջերմուկի բնակիչ ցուցարարներից մեկը նշել էր, որ երկու օր առաջ ստացած տեղեկություններով՝ մի քանի բանվորներ մտել են տարածք և ինչ-որ աշխատանքներ են իրականացնում, իսկ երբ իմացել են, որ իրենց ներկայության մասին բնակիչները գիտեն, պատճառաբանել են, թե վախենում են դուրս գալ այնտեղից:
Երկու օրվա խաղաղ բանակցությունները արդյունք չեն տվել, բնակչությունը զայրացել է, և դրա համար էլ աննախադեպ քանակի մեքենաներ, մեծ թվով ոստիկաններ են հավաքվել այդտեղ: «Մարդիկ պահանջում են, որ վեց սադրիչները լքեն տարածքը, իրենց նպատակը մարդկանց զայրացնելն է, որ մարդիկ գնան ծայրահեղ քայլերի»,- նշել էր ցուցարարներից մեկը՝ հավելելով, որ տարբեր միջոցներ են կիրառում, որ մարդկանց հունից հանեն:
«Լիդիան Արմենիան» այսօր փորձել է պարզաբանել, թե ինչի արդյունք է երեկ տեղի ունեցած քաշքշուկը՝ նշելով, թե Ամուլսարի տարածքում սկսել են գույքագրման աշխատանքներ, իսկ երեկ ճանապարհը փակող խումբը փորձել էր ներխուժել Ամուլսարի տարածք ու խանգարել գույքագրման աշխատանքներին։
««Լիդիան Արմենիան» արդեն տեղեկացրել էր, որ անցյալ շաբաթ Ամուլսարի տարածքում սկսվել են գույքագրման աշխատանքները։ Աշխատանքներն իրականացնում են ընկերության մասնագետները՝ Ջերմուկ համայնքից աշխատակիցների մասնակցությամբ։ Հատկանշական է, որ տարածքում գողությունների ու վանդալիզմի ենթադրյալ դրվագների հրապարակումից հետո Ամուլսարի ճանապարհը փակողների խումբը երեկ դրսևորեց առավել ագրեսիվ պահվածք՝ փորձելով ներխուժել Ամուլսարի տարածք ու խանգարել գույքագրման աշխատանքներին։
Հատկանշական է նաև, որ սեփական համայնքում օրինական աշխատանքով և ոչ թե կասկածելի աղբյուրներից սնվելով ճանապարհ փակելով ապրելու ցանկություն ունեցող իրենց իսկ համայնքի բնակիչներին ապօրինություն իրականացնողները անվանում էին «վարձկաններ»։
Հարկ ենք համարում նշել, որ այս իրավիճակը, երբ օրինական աշխատանքով զբաղված համայնքի բնակիչների հանդեպ պարբերաբար տեղի են ունենում նման ապօրինի ոտնձգություններ, հնարավոր է դարձել իրավապահ համակարգի երկամյա թողտվության, այս տարածքում օրենքի ու օրինականության բացակայության հետևանքով։ Երեկվա արհեստական աղմուկը ևս մեկ ապացույց էր, որ ճանապարհ փակողները չեն ներկայացնում համայնքը, ամեն ինչ անում են համայնքում անհարկի խժդժություններ ու բախումներ ստեղծելու համար։
Կարող ենք միայն ենթադրել, որ աղմուկը կապված է տարածքում ապօրինությունների բացահայտմանն ուղղված գույքագրման ու դրա հնարավոր արդյունքների հետ։ Նման պահվածքը նաև երեկ ոստիկանության ընդգծված կրավորականության հետևանք է, երբ սեփական համայնքում աշխատելու օրինական իրավունք ունեցող հարյուրավոր մարդկանց շահերը պաշտպանելու փոխարեն՝ տեղի ոստիկանությունը ապօրինություն իրականացնողների հանդեպ դրսևորում էր աննախադեպ հանդուրժողականություն՝ օրենքի, այդ համայնքների հարյուրավոր բնակիչների ապրելու, աշխատելու ու իրենց ընտանիքների համար բարեկեցիկ կյանք ապահովելու իրավունքի հաշվին։ Այս իրավիճակին պետք է օր առաջ վերջ տրվի։
«Լիդիանը» պատրաստ է սատարել իրենց համայնքում օրինական աշխատելու ցանկություն ունեցող բոլոր քաղաքացիներին, իսկ իրավապահ մարմինները պարտավոր են օրենքի շրջանակներում ապահովել Հայաստանի քաղաքացիների այդ իրավունքի անխոչընդոտ իրացումը։ Գույքագրման աշխատանքները տարածքում շարունակվում են»,- ասված է ընկերության տարածած հայտարարության մեջ։