Եղել են ուժեր և երկրներ, որոնք հրահրել են կոնֆլիկտ՝ առաջին հերթին Թուրքիան,- անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին լարվածությանը՝ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «РБК» հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Ես Ադրբեջանի նախագահին խորհուրդ եմ տվել չխոսել սպառնալիքի լեզվով»,- ասել է նա:
Ըստ Փաշինյանի՝ «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները շատ կարևոր կայունացնող դեր են խաղացել: Ռուսաստանի Դաշնության դերը, իհարկե, բացառիկ կառուցողական է»,- նշել է վարչապետը:
Վարչապետ Փաշինյանը հիշեցնում է, որ Իլհամ Ալիևը մշտապես առաջ է տարել այն միտքը, թե Ադրբեջանը հզոր բանակ ունի և անհրաժեշտության դեպքում 24 ժամվա ընթացքում Ադրբեջանի բանակը կլուծի Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը:
«Եվ նրանք 15 տարվա ընթացքում նման միֆ ստեղծեցին: Ինչո՞ւ են նրանք այդպես նյարդային արձագանքում վերջին իրադարձություններին, որովհետև այդ միֆը փլուզվեց, փլուզվեց ամբողջությամբ: Հայաստանի զինված ուժերն այնպիսի պաատսախան տվեցին, որ ոչ ոք չէր սպասում, նույնիսկ Հայաստանում շատերը չէին սպասում»:
Լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը չի վերացել,- ասում է վարչապետը,- հավելում՝ կան ուժեր և երկրներ, որոնք բորբոքում են այդ հակամարտությունը։ Առաջին հերթին` դա Թուրքիան է և դա հստակ պատճառներ ունի,- նշում է Փաշինյանը:
«Որովհետև Թուրքիան չի հրաժարվել հայերի ցեղասպանության քաղաքականությունից: Ինչպես նախորդ դարասկզբին, Թուրքիան երազում է վերահսկել Հարավային Կովկասը։ Եվ Խորհրդային Միության փլուզումից հետո, 30 տարվա ընթացքում, նրանք ամեն օր աշխատում են, որպեսզի իրականացնեն այդ երազանքը և նպատակը»:
Վարչապետի խոսքով՝ մեր տարածաշրջանում իրավիճակն այնքան լարված է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում էսկալացիան գլոբալ աղետի կհանգեցնի: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ դա բոլորն են հասկանում:
«Եվ կան ուժեր, որոնք հետաքրքրված են այդ գլոբալ հակամարտության սրմամբ, և եթե նայենք, թե ինչ քաղաքականություն է հիմա վարում Թուրքիան Սիրիայում, Լիբիայում, Իրաքում, Հունաստանի հանդեպ, կհասկանանք, ակնհայտ է դառնում, որ Թուրքիան դառնում է կայունության և անվտանգության գլոբալ սպառնալիք»:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները շատ կարևոր կայունացնող դեր են ունեցել,- ասում է Փաշինյանը, շեշտում՝ այստեղ հատկապես ընդգծվում է Ռուսաստանի դերը: Վարչապետի համոզմամբ՝ Մոսկվայի ակտիվ ներգրավվածության շնորհիվ է այսօր իրավիճակը համեմատաբար կայուն:
«Ռուսաստանի Դաշնության դերը, իհարկե, բացառիկ կառուցողական է»:
Հայ-ադրբեջանական սահմանից Ռուսաստանի տարածք տեղափոխված հայ-ադրբեջանական բախումները սկսեցին ադրբեջանցիները, իրենց պատկանող շուկաներում արգելելով հայկական ծիրանի վաճառքը,- հիշեցնում է Փաշինյանը: Վարչապետի խոսքով՝ տեղի ունեցածն ադրբեջանական ռազմական հռետորաբանության շարունակությունն է:
«Սա Ռուսաստանը ապակայունացնելու փորձ է, սա Ռուսաստանը ազգամիջյան բախումների թատերաբեմ դարձնելու փորձ է: Մեր դիրքորոշումը հստակ է՝ չտրվել այդ սադրանքներին, որովհետև Ռուսաստանի կայունությունը ռազմավարական կարևորության գործոն է Հայաստանի համար»:
Վարչապետը կրկնում է՝ անհնար է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծել առանց Ստեփանակերտի մասնակցության:
«Եթե նախագահ Ալիևը ցանկանում է, որ Հայաստանի վարչապետը ներկայացնի Լեռնային Ղարաբաղը բանակցությունների ժամանակ, դա ինքն է ասում, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստան է, որովհետև եթե Լեռնային Ղարաբաղը Հայաստան չէ, ինչո՞ւ Հայաստանի վարչապետը պետք է ներկայացնի Լեռնային Ղարաբաղը բանակցությունների ժամանակ: Դա միջազգային հանրությունն է ասում, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստան է, եթե պնդում են, որ Հայաստանի վարչապետը Լեռնային Ղարաբաղը ներկայացնի բանակցությունների սեղանին: Եթե այդպես է, եկեք արձանագրենք դա և առաջ անցնենք»:
Վարչապետը նշում է՝ Հայաստանի շատ քաղաքացիներ հետաքրքրվում են՝ ինչու է Թուրքիան միանշանակ պաշտպանում Ադրբեջանի դիրքերը, իսկ Ռուսաստանը, որը Հայաստանի ռազմավարական գործընկերն է, այդքան էլ միանշանակ չի պաշտպանում Հայաստանին:
«Պետք է հասկանալ, որ Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ է, որը զբաղվում է Լեռնային Ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ։ Ռուսաստանը կարևոր և առանցքային միջնորդ է, նրա գործողությունները պետք է լինեն այդ շրջանակում»:
«Russia Today»-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի աղմկահարույց գրառումը վարչապետ Փաշինյանը չի կարդացել, սակայն գիտի՝ Հայաստանում և հայկական շրջանակում այն բացասական արձագանք է ստացել: Դրանում Սիմոնյանը մի շարք մեղադրանքներ էր հնչեցրել Հայաստանի իշխանության հասցեին՝ մասնավորապես, թե ինչո՞ւ Հայաստանը չի ճանաչում Ղրիմը:
«Հայաստանը դեռ չի ճանաչել Լեռնային Ղարաբաղը: Դա արդյոք նշանակում է, որ մենք չե՞նք պաշտպանում Լեռնային Ղարաբաղը, ո՛չ, մենք ասում ենք, որ Հայաստանը Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորն է»:
Մարգարիտա Սիմոնյանի մյուս մեղադրանքը, Հայաստանում իբր թե գործում են հասարակական կազմակերպություններ, որոնք երիտասարդներին սովորեցնում են, թե ինչպես տապալել իշխանությունը Ռուսաստանում:
«Այդ բոլոր կազմակերպությունները ստեղծվել են Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի օրոք: Եթե այդ կազմակերպություններն այդքան հակառուսական էին, իսկ իշխանությունն էլ այդքան պրոռուսական էր, ինչո՞ւ նրանք չէին փակում այդ կազմակերպությունները: Ինչ որ մեկը կարո՞ղ է բացատրել»:
Վարչապետը շեշտում է՝ Ռուսաստանում պետք է հասկանան, որ Հայաստանում Մոսկվայի դաշնակիցը կոնկրետ անձինք, ընտանիքներ, գործարարներ, կամ էլ քաղաքական գործիչներ չեն, Ռուսաստանի դաշնակիցն ու գործընկերը Հայաստանում հայ ժողովուրդն է: