Ռուսական РБК հեռուստաալիքին տված հարցազրույցի ընթացքում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է 15 տարի շարունակ Ադրբեջանի իշխանությունների կողմից հասարակությանը կերակրող երկրի «հզոր» բանակի մասին առասպելին, հայ-ադրբեջանական սահմանին վերջին իրադարձությունների ընթացքում առասպելի ամբողջովին փլուզմանն ու Հայաստանի զինված ուժերի իրապես հզոր հակահարվածին:
«15 տարվա ընթացքում Ադրբեջանի նախագահը զարգացնում է ռազմական հռետորաբանության գիծը, որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը պետք է լուծվի ուժային տարբերակով: Մի քանի անգամ և՛ հրապարակավ, և՛ աշխատանքային միջավայրում ես խորհուրդ եմ տվել մեզ հետ չխոսել սպառնալիքի լեզվով, որովհետև դա ոչ մի արդյունքի չի հանգեցնի: Ադրբեջանի նախագահի քաղաքականության գիծն այն է, որ Ադրբեջանը հզոր բանակ ունի և անհրաժեշտության դեպքում 24 ժամվա ընթացքում կլուծի Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը: Եվ նրանք այսպիսի առասպել են հյուսել 15 տարվա ընթացքում: Ինչո՞ւ են այդքան ջղաձգվում վերջին իրադարձությունների կապակցությամբ, որովհետև այդ առասպելն ամբողջովի փլուզվել է: Հայաստանի զինված ուժերն այնպիսի հակահարված են հասցրել, որ ոչ ոք չէր սպասում, շատերը նույնիսկ Հայաստանում նման բան չէին սպասում: Պարզվեց, որ այն բարեփոխումները, որ տեղի են ունեցել Հայաստանում վերջին 2 տարում, մասնավորապես՝ զինված ուժերում, արդյունավետ են եղել»,- հայտնել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: