Սրտաբան, Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի դասախոս Ֆլորա Մուրադյանը ներկայացրել է, թե սրտային հիվանդությունների ինչ բարդություններ կարող է առաջացնել կորոնավիրուսը:
«Այս համավարակի սրտային բարդությունները՝ սուր կորոնար համախտանիշը, սրտամկանի սուր ինֆարկտն ու սրտի ռիթմի տարատեսակ խանգարումները, միոկարդիտներն ու պերիկարդիտները, էլ ավելի են ծանրացնում հիվանդության ընթացքը և բարձրացնում մահացության ռիսկը։ Սիրտ-անոթային հիվանդություններ, զարկերակային գերճնշում, շաքարային դիաբետ, քրոնիկական շնչառական հիվանդություններ և ուռուցքներ ունեցող պացիենտները կազմում են բարձր ռիսկի խումբը»,- նշել է սրտաբանը։
Ըստ նրա՝ տղամարդիկ առավել զգայուն են այս վարակի նկատմամբ, քան կանայք: Բոլոր հիվանդների 2/3-ը տղամարդիկ են, 1/3-ը՝ կանայք։ Հիվանդությունն ունի թեթև և միջին ծանրության կլինիկական ընթացք 81% դեպքերում, ծանր ընթացք՝ 14% և կրիտիկական ընթացք՝ 5% դեպքերում։ Նոր կորոնավիրուսային վարակը հիմնականում ախտահարում է թոքերը՝ առաջացնելով երկկողմանի տարբեր ծավալի թոքաբորբեր, սակայն անմասն չեն մնում նաև սիրտ-անոթային, նյարդային, մարսողության և միզային համակարգերը։
«Ռեցեպտորները (ACE2), որոնց օգնությամբ SARS-CoV-2 վիրուսը ներթափանցում է հյուրընկալ բջջի մեջ, կան մեր օրգանիզմի բոլոր հյուսվածքներում։ Դրանով են պայմանավորված մեր օրգանիզմի տարբեր օրգան-համակարգերի ախտահարումը և հիվանդության կլինիկական ընթացքի ծանրության աստիճանը։ COVID-19-ի չարաբաստիկ բարդություններն են սուր ռեսպիրատոր դիստրես սինդրոմը (ARDS), սուր շնչական անբավարարությունը, սեպսիսը, բազմաօրգան անբավարարությունը»,- շեշտում է սրտաբան Ֆլորա Մուրադյանը։
Պատմական ակնարկ՝ սրտաբանից
Պանդեմիան, որ համակել է աշխարհը, կոչվում է COVID-19, իսկ նրա հարուցիչը՝ SARS CoV-2 նոր կորոնավիրուս։ Կորոնավիրուսները մեծ ընտանիք են և հայտնի են 1937 թ․-ից ի վեր։
21-րդ դարը սկսվեց կորոնավիրուսային գրոհներով: 2001 թ․ SARS-CoV վիրուսը հարուցեց ծանր սուր ռեսպիրատոր համախտանիշը (Severe Acute Respiratory Syndrome Coronavirus), 2012-ին MERS-CoV վիրուսը հարուցեց մերձավորարևելյան ռեսպիրատոր համախտանիշը (Middle East Respiratory Syndrome Coronavirus) և 2019 թ․ դեկտեմբերից ցայսօր՝ SARS-CoV-2 (Severe Acute Respiratory Syndrome Coronavirus 2) վիրուսը Երկիր մոլորակը պարուրել է COVID-19 հիվանդությամբ (Coronavirus Disease 2019)։
Օրգանիզմի մեջ SARS-CoV-2 վիրուսը մտնում է բերանի, քթըմպանի լորձաթաղանթների և աչքերի եղջերաթաղանթի միջոցով։ Այն տարածվում է օդակաթիլային ճանապարհով, ինկուբացիոն շրջանը 2-14 օր է, հիվանդացությունը մեծ է 60 տարեկանից բարձր տարիքային խմբում, իսկ մահացությունը՝ ուղեկցող հիվանդություններ ունեցող պացիենտների մոտ։
SARS-CoV-2 վիրուսով պայմանավորված՝ COVID-19-ի համավարակի կանխարգելման ճանապարհների և բուժական մոտեցումների մասին մանրամասն հնարավոր է գտնել «COVID-19-ը՝ սրտաբանի աչքերով» գիտակրթական տեսահոլովակում։ Այն պարունակում է մասնագիտական մեծածավալ ինֆորմացիա բժիշկների համար, սակայն ներկայացված է մատչելի, որպեսզի հասանելի լինի բոլորին։