Այսօր Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն Արամուսի համայնքապետարանի աշխատակազմին և ՀՈԱԿ-ների ներկայացուցիչներին է ներկայացրել համայնքի ղեկավարի նոր պաշտոնակատար Տիգրան Գեղամյանին:
Հիշեցնենք, որ ՀՀ Կոտայքի մարզի Արամուս համայնքի ավագանուն հրաժարականի դիմում էր ներկայացրել համայնքի ղեկավար Հրայր Նիկողոսյանը, որն այդ պաշտոնը զբաղեցնում էր 2002 թվականից՝ շուրջ 18 տարի:
«Ողջունելով և շնորհավորելով Արամուս համայնքի ղեկավարի պաշտոնակատար Տիգրան Գեղամյանին՝ մարզպետն իր գործուն աջակցությունը հայտնեց նրան։
Արամուսն Աբովյանի տարածաշրջանի կարևորագույն համայնքներից մեկն է: Մատնանշելով համայնքում առկա խնդիրների ծավալը՝ մարզպետը հույս հայտնեց, որ Տիգրան Գեղամյանն իր աշխատասիրության և երիտասարդական ավյունով լի նոր գաղափարների շնորհիվ ամենասեղմ ժամկետներում կյանքի կկոչի որակապես նոր համայնք ունենալու տեսլականը։
Համայնքում հրատապ բարեփոխումների կարիք կա, և այդ բարեփոխումները պետք է սկսվեն այսօրվանից ու իրականացվեն փոխվստահության ու փոխհամաձայնության մթնոլորտում:
Մարզպետը միաժամանակ խոսեց Արամուս համայնքում պետության համաֆինանսավորմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրերի, մասնավորապես՝ մանկապարտեզի կառուցման մասին, որի որակյալ և սահմանված ժամկետում իրականացման նկատմամբ հատուկ հսկողություն պետք է սահմանվի»,- տեղեկացնում են Կոտայքի մարզպետարանից: