Մեկնարկել է «Հաղթահարենք համավարակը միասին» նախաձեռնությունը, որը Եկեղեցիների համաշխարհային խորհրդի Հայաստանյան միջեկեղեցական Կլոր սեղան հիմնադրամի և ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակի համաֆինանսավորմամբ իրականացնում է «Համահայկական երիտասարդական միություն» (ՀԵՄ) կրթամշակութային երիտասարդական հասարակական կազմակերպությունը։
Ծրագրի շրջանակում քաղաքացիներին բաժանվում են անհատական փաթեթավորմամբ, բժշկական չափանիշներին համապատասխան՝ բազմաշերտ, բազմակի օգտագործման շնչառական դիմակներ։
Մեր օրերում մարդիկ ունեն հոգոր և հոգեբանական առավել աջակցության կարիք, սակայն փակ դեմքի պայմաններում անհնար է արտահայտել որևէ ապրումակցող հույզ, ուստի ՀԵՄ կամավորները նախաձեռնեցին դիմակների վրա պատկերել Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի գծանկարը՝ իբրև հույսի և լավատեսության խորհրդանիշ։ Վերջերս Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Սուրբ Էջմիածնի Մայր տաճարի կենտրոմական գմբեթի Սուրբ Խաչը, և այս տարին ըստ երևույթին նշանավորվում է հայ քրիստոնյաների կյանքում իբրև Սուրբ Էջմիածնի Մայր տաճարի տարի։
Ծրագրի մեկնարկը տրվել է Դավիթաշեն վարչական շրջանում գտնվող Սրբոց Նահատակաց եկեղեցում՝ ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ, Կենտրոնական գրասենյակի տնօրեն հոգեշնորհ Տեր Թովմա վարդապետ Խաչատրյանի, Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Միքայել Թումասյանի և ՀԵՄ կամավորների հանդիպումով։
Թաղապետարանի սոցիալական բաժնի աշխատակազմի և Սրբոց Նահատակաց եկեղեցու կամավորների ուղեկցությամբ Հայր Սուրբը և ՀԵՄ կամավորները մեկնեցին դիմակները բաժանելու՝ Դավթաշենի որոշակի սոցիալական խնդիրներ ունեցող բնակիչներին։
Նախաձեռնության շրջանակում նախատեսվում է բաժանել 3000 դիմակ։