«Հայաստան» համահայկական հիմնադրամը, միանալով COVID-19 համաճարակի դեմ մղվող պայքարին, ս.թ. մարտի 18-ից նախաձեռնեց «COVID-19 Հայաստան. միասին հաղթահարենք համաճարակը» առցանց դրամահավաք-արշավը, որի շրջանակներում հավաքված ամբողջ գումարն ուղղված էր առողջապահության ոլորտին անհրաժեշտ բարձրորակ բժշկական պարագաների ու սարքերի ձեռքբերմանը և տրամադրմանը, ինչպես նաև հրատապ անհրաժեշտություն ունեցող այլ կարիքներին։
Ծրագիրն իրականացվում է ՀՀ նախագահի, ԱՀ նախագահի, սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի, ՀՀ առողջապահության նախարարության և ՀՀ արտաքին գործերի նախարարության հետ սերտ համագործակցությամբ։
Հուլիսի 22-ի դրությամբ հավաքվել է շուրջ 800030 ԱՄՆ դոլար, որից 695244 ԱՄՆ դոլարն արդեն ուղղվել է մեծածավալ բժշկական պարագաների ու սարքավորումների ձեռքբերմանը, շտապօգնության անձնակազմին ֆինանսական աջակցությանը, Երևանի և մարզերի կարիքավոր ծերերին ամենամսյա սննդի մատակարարմանը, ինչպես նաև բազմաթիվ հայրենակիցների Հայաստան վերադարձին։
Ի լրումն առողջապահության ոլորտին տրամադրված աջակցության՝ հիմնադրամի տեղական մարմինների շնորհիվ մեծաքանակ բժշկական պարագաներ և սարքավորումներ արդեն նվիրաբերվել են Հայաստանի և Արցախի առողջապահության ոլորտին։ Մնացյալ գումարը ևս կուղղվի առողջապահության ոլորտի ծրագրերի օժանդակմանը:
Հիմնադրամն իր խորին շնորհակալությունն է հայտնում աշխարհի 18 երկրներից մեզ միացած ավելի քան 1000 անհատ նվիրատուներին, աշխարհասփյուռ հայկական համայնքներին, կազմակերպություններին, հիմնադրամի ողջ ցանցին և բոլոր գործընկերներին վստահության և շարունակական աջակցության համար։