Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը Ֆեյսբուքում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ Կառավարության 2020 թվականի սուբվենցիոն ծրագրով Կամարիս համայնքում մեկնարկել են խմելու ջրի նոր ջրագծերի կառուցման աշխատանքները: Ծրագրի շրջանակներում համայնքի 2-րդ և 8-րդ փողոցներում անցկացվում է խմելու ջրի նոր ջրագիծ (շուրջ 1.5-2 կմ). աշխատանքների իրականացման արդյունքում համայնքում կլուծվի ևս 130-140 տնտեսության խմելու ջրի խնդիրը:
«Ավելի քան 30 մլն դրամ նախագծանախահաշվային արժեքով ծրագրի 55 %-ը պետական բյուջեի աջակցության չափն է, 45 %-ը՝ համայնքի ներդրումը: Եվս 2 կմ տարածք ընդգրկող ջրագծերի կառուցում նախատեսվում է իրականացնել արդեն հաջորդ տարվա սուբվենցիոն ծրագրի շրջանակներում, և Կամարիսում խմելու ջրի խնդիրը լուծված կհամարվի:
Հիշեցնեմ, որ այս համայնքում Կառավարության 2020 թվականի սուբվենցիաներով ևս երկու ծրագրեր են իրականացվելու՝ փողոցների ասֆալտապատում և արտաքին լուսավորության անցկացում»,- նշել է Պետրոսյանը: