Ապօրինի որդեգրումների մասին վերջին ամիսներին ահազանգում են ոչ միայն անհայտ պայմաններում երեխաներին կորցրած ու նրանց փնտրող ծնողները, այլև երեխաներ, ովքեր իրենց կենսաբանական ծնողներին են փնտրում: Ծննդատներում երեխաներին մայրերից փողով բաժանելու հանգամանքները պարզում է Քննչական կոմիտեն:
Նորածին տղային մի քանի ժամ են տեսել, կինը գրկել, կերակրել է: Բժիշկները մոր ու մանկան վիճակը գնահատել են գերազանց: Սակայն Ուլաբաբյանների ուրախությունը տևել է մեկ օր: Բժիշկներից լսել են անսպասելին՝ երեխան մահացել է: Չեն հավատացել, շտապել են դիահերձարան, բայց այստեղ էլ նորածնի մարմինը ցույց չեն տվել:
Հաջորդ դուռը, որ թակել են, զագսն էր. տեղեկանք են պահանջել կնոջ ու նորածնի վերաբերյալ: Այն, ինչ տեսել են, համոզվել են, երեխան չի մահացել: Ո՞վ և ինչպե՞ս է Ուլուբաբյանը դարձրել Մուշեղյան: Իսկ ծննդյան և մահվան տեղեկանքը՝ առանց հայրանունի:
2019 -ին Ազգային անվտանգության ծառայությունն սկսել է քննել ապօրինի որդեգրումների քրեական գործը: Մեղադրյալ են՝ Հանրապետական ծննդատան տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը, «Մանկան տան» տնօրեն Լիանա Կարապետյանը, ևս մի քանի պաշտոնյա: Նախորդ 14 տարում արտերկրում հավատարմագրված, Հայաստանում որդեգրումների գործով զբաղվող կազմակերպությունների ներկայացուցիչներն ու նրանց մտերիմները 114 երեխանյի որդեգրումը կազմակերպելու համար բանկային փոխանցումներով ստացել են առնվազն 1 մլն 800 հազար եվրո և 26 հազար դոլար:
Միջազգային որդեգրումների վերաբերյալ ՄԱԿ-ի կոնվենցիան Հայաստանում ուժի մեջ է մտել 2007-ի հունիսի մեկից: Կոնվենցիայի դրույթների իրականացման համար յուրաքանչյուր երկիր պետք է նշանակի կենտրոնական մարմին: Հայաստանում դա Արդարադատության նախարարությունն է:
Բացի այդ, արտերկրի կազմակերպությունների ներկայացուցիչները կարողացել են Հայաստանում փաստացի գործունեություն ծավալել՝ առանց որևէ ձևակերպման: Տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ անցած 9 տարում ստացել են 1 մլն 200 հազար եվրո, փոխանցել իրենց և օտարերկրյա հաշվեհամարներին:
Այս պահին մեղադրյալները դեռ հինգն են, ինչպես ավագ քննիչը բացատրեց՝ ամբողջական շղթան դեռ բացահայտման փուլում է:
Երեխայից մորին դիտավորյալ բաժանելու, հետո էլ ապօրինի որդեգրման մասին ահազանգում էր «Հայոց մայրեր» շարժումը: Հայկուհի Խաչատրյանի խոսքով` վերջին երեք ամսում ոչ միայն իրենց երեխաներին փնտրող մայրերի թիվն է ավելացել, այլև երեխաներն իրենք են սկսել ահազանգել՝ փնտրելով կենսաբանական ծնողներին: ԴՆԹ անալիզներ են հանձնել, համընկնումներ եղել են:
Երեխաների ապօրինի որդեգրման գործը նոր ընթացք ստացավ հեղափոխությունից հետո. վարչապետը կառավարության նիստում իրավիճակը բնութագրել էր շոկային:
Ծնողներն ու արդեն չափահասության ճանապարհը բռնած, դեռ լռությունը գերադասողները սպասում են՝ բացահայտումներից հետո դառնալ հարազատ այն գիրկը, որին ձգտել են մի ամբողջ կյանք: