Գավառի բժշկական կենտրոնը սեփական միջոցների հաշվին ձեռք է բերել բժշկակական նորագույն 3 սարքավորում, ինչի արդյունքում այստեղ բարձրացել է բուժսպասարկման որակը: Հուլիսի 27-ին աշխատանքային այցով Գավառի բժշկական կենտրոն այցելեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, որի ընթացքում «Գավառի ԲԿ» ՓԲԸ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Աշոտ Կարապետյանը ներկայացրեց նորագույն սարքավորումների գործածության մանրամասները և նշանակությունը: Այս մասին տեղեկացնում են Գեղարքունիքի մարզպետարանից:
«Հեմոդիալիզի բաժանմունքի համար ձեռք է բերվել նոր հեմոդիալիզի ապարատ: Այն շատ կարևոր էր մեր հաստատությունում բուժում ստացողների համար, քանի որ հին սարքավորումները մաշված էին ու դժվարությամբ էին ծառայում իրենց նպատակին: Այժմ արդեն ծառայությունը մատուցում ենք նորագույն սարքավորումներով: Վիրահատական բաժանմունքի համար ձեռք ենք բերել ինտրաօպերացիոն ռենտգեն սարքավորում, որի միջոցով արդեն կատարում ենք բարդ վիրահատություններ: Ռենտգեն սարքավորումը թե՛ տրավմատոլոգիական, թե՛ այլ կարգի վիրահատությունների ժամանակ անսխալ կողմնորոշելու է վիրաբույժներին: Մի կողմից հեշտանում են վիրահատությունները, մյուս կողմից՝ դրանք կատարվում են ճշգրտորեն: Ձեռք ենք բերել նաև վերջին սերնդի հեմատոլոգիական անալիզատոր, որն իրականացնում է արյան ընդհանուր քննություն՝ լեյկոֆորմուլայով։ Այն հնարավորություն կընձեռի իրականացնելու նաև COVID-19 -ով հիվանդների արյան ընդհանուր քննությունը։ Նորագույն սարքավորումների ձեռքբերման համար մեր տնտեսած միջոցներից ծախսել ենք 16 միլիոն դրամ: Բոլոր երեք սարքավորումներն էլ արդեն ծառայում են իրենց նպատակին»,- ներկայացրել է Աշոտ Կարապետյանը:
Մարզպետ Գնել Սանոսյանը հույս է հայտնել, որ տեխնիկական վերազինումից հետո Գավառի բժշկական կենտրոնում էականորեն կբարելավվի բուժսպասարկումը, կբարձրանա մատուցվող ծառայությունների որակը: