Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը շրջայց է կատարել Արամուսում սուբվենցիոն ծրագրով կառուցվող մանկապարտեզի շինհրապարակում՝ տեղում ծանոթանալու այս փուլում աշխատանքների ընթացքին:
Պետության աջակցությամբ Արամուսում իրականացվող 2019 և 2020 թվականների սուբվենցիոն ծրագրերի արդյունքում շուրջ 40 տարի նախակրթական հաստատություն չունեցած համայնքը (համայնքի փոքրիկները ստիպված հաճախել են Աբովյանի կամ Կամարիսի մանկապարտեզներ) ունենալու է մոտ 1750 քմ ընդհանուր մակերեսով և նորագույն լուծումներով մանկապարտեզի նոր շենք (6 խմբով)՝ նախատեսված համայնքի և հարևան Կաթնաղբյուրի շուրջ 150 փոքրիկների համար:
Կառավարության 2020-ի մեկ այլ սուբվենցիոն ծրագրի շրջանակում գազիֆիկացվելու են համայնքի Անկախության թաղամասի 4-րդ և 5-րդ, Երիտասարդական թաղամասի 8-րդ, 9-րդ և 10-րդ փողոցները և Տիգրանաձորի խճուղու 3-րդ փակուղին: