Ֆրանսիական «Լը Թան» պարբերականը հոդված է հրապարակել Ադրբեջանի նախագահի, նրա տիկնոջ և ընտանիքի, երկրում տիրող իրավիճակի մասին: Ներկայացնու մենք հոդվածի թարգմանությունը:
«Ադրբեջանի հզոր առաջին տիկինն իր դիմակի հետևում հավակնություննե՞ր ունի:
Ինստագրամյան իր էջում Մեհրիբան Ալիևան հիմնականում հրապարակում է իր հիմնադրամի կողմից ֆինանսավորվող դպրոցների և հիվանդանոցների բացման արարողությունները, արտերկրյա թանգարանների այցը՝ երիտասարդ և շքեղ թխահեր տիկնիկի տեսքով, զգեստի խորը բացվածքով և բարձրակրունկ կոշիկներով։ Սակայն Լեռնային Ղարաբաղում օրեր առաջ գրանցված լարվածության աճը դրդեց Ադրբեջանի առաջին փոխնախագահին ավելի պարտավորեցնող հաղորդագրություն հղել իր 450,000 բաժանորդներին (յուրաքանչյուր 5 բնակչից 1-ը): «Ադրբեջանի ժողովուրդը երբեք չի ընդունի իր հողերի զավթումը: Մեր երկիրը, հայրենիքի համար մեր պայքարը սուրբ են: Թշնամին հետ է մղվել և միշտ էլ հետ կմղվի» [...] Թող Ալլահը պահապան լինի Ադրբեջանին և մեր ժողովրդին»:
Կովկասյան այս հատվածում, որտեղ Հայաստանին դատապարտելը շարունակում է մնալ ցանկացած քաղաքական դիսկուրսի հիմքը, ոչինչ սարսափելի նոր և առանձնահատուկ չի նկատվում։
Այդ իսկ պատճառով, կրկին շրջանառության մեջ են դրվում Մեհրիբան Ալիևայի ծրագրերի մասին լուրերը, ով տասնամյակներ շարունակ հանդես է եկել բացառապես որպես իր ամուսնու կինը, առավել ծանրակշիռ է դառնում Բաքվում։
2017 թ․-ին Իլհամ Ալիևը ստեղծեց փոխնախագահի պաշտոնը հենց իր կնոջ համար, ինչը ենթադրում է, որ Ալիևի հրաժարականի դեպքում, վերջինիս կփոխարինի իր կինը։ Արդյո՞ք Մեհրիբան Ալիևան իր քաղաքական օրակարգով իշխանությունը վերցնելու ուղիներ է փնտրում, թե՞ նա պարզապես պետք է զբաղեցնի այդ պաշտոնն այնքան ժամանակ, մինչև իրենց կրտսեր տղան պատրաստ լինի իրավահաջորդ լինելու։ Նավթի գնի անկումը կարող է վերադասավորել խաղաքարտերը:
Իշխանությունը ընտանեկան գործ է Ադրբեջանում, որը ավելի քան քառասուն տարի երկաթե բռունցքով ղեկավարվում է Ալիևների կողմից: Հեյդար Ալիևը՝ տեղական ՊԱԿ-ի նախկին ղեկավարը, 1993 թվականին ընտրվեց նախագահ, և իր մահից առաջ երկիրը հանձնեց որդուն:
2003 թվականից ի վեր երկիրը կառավարում է Իլհամ Իլիևը: Նավթը և գազը բարձրացրել են երկրի կենսամակարդակը և իր հինգաստղանի հյուրանոցներով, Զահա Հադիդի կողմից կառուցված Հեյդար Ալիևի անվան Մշակութային կենտրոնոով և իր Ֆորմուլա 1-ի Գրան պրիիով երկիրն իրեն երևակայում է Կենտրոնական Ասիայի Սինգապուր։ Սակայն Ադրբեջանում տիրում է համատարած կոռուպցիա, որի արդյուքնում, 2017թ.-ին «Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի մասին հաղորդման նախագիծը» դատապարտեց խավիարային դիվանագիտության «փողերի լվացման մեխանիզմը»: Ահռելի են բլոգերների, լրագրողների և այլ ընդիմադիրների հանդեպ ճնշումները, որոնք վերջիններիս ստիպում են փախչել երկրից։
«Դաժան բռնապետություններից մեկին» վկայակոչելու համար, 2015թ. Ադրբեջանը զրպարտության համար դատի էր տվել ֆրանսիացի լրագրող Էլիզե Լուցետին (բողոքն, ի վերջո, ճանաչվել է անընդունելի):
Ինչպես իր ամուսինը, Մեհրիբանը ևս շատ հզոր կլանից է՝ Փաշաևների, որը խոշոր բիզնեսներ է տնօրինում հեռահաղորդակցության, բանկային և անշարժ գույքի ոլորտներում: Ալիևան նախընտրում է իր կայքում նշել, որ սերում է մտավորականների ընտանիքից, ինչը համապատասխանում է իրականությանը՝ հաշվի առնելով, որ նրա մայրը համարվում է արաբական գրականության ոլորտում առաջին կին դոկտորը երկրում, իսկ ինքը՝ 1964թ. ծնված Մեհրիբանն ակնաբույժ է, վերապատրաստվել է Մոսկվայում և 19 տարեկանում ամուսնացել է Իլհամ Ալիևի հետ: Ավելի քան երեսունհինգ տարվա ընդհանուր կյանքը, երեք երեխան ոչ մի կնճիռ չեն պատճառել նրան: Ուստի, իշխանությունը և հատկապես փողի ուժը լավ է անդրադարձել Մեհրիբայի վրա։
«Ակնհայտ է, որ տիկին Մեհրիբան Ալիևան, հավանաբար արտերկրում, մի շարք կոսմետիկ վիրահատությունների է ենթարկվել։ Հեռուստատեսությամբ, լուսանկարներով և իրական կյանքում, նրա քարացած դեմքը թույլ չի տալիս նկատել դեմքի որոշ արտահայտություններ», - նշվում է Ջուլիան Ասանժի հրատարակած ամերիկյան դիվանագիտական հեռագրերում։ 2008թ.-ին Բաքվում տեղի ունեցած մի տեսարան նկարագրում է, թե ինչպես Ադրբեջանի առաջին տիկինն իր երկու դուստրերի հետ սպասում է պաշտոնական ճաշի հրավիրված Դիկի կնոջ ՝ Լին Չեյնիի ժամանմանը: «Գաղտնի ծառայության գործակալը հարց է տալիս. Բայց ո՞վ է մայրը: Դեսպանատան աշխատակիցը մի պահ ուսումնասիրում է և պատասխանում, որ տրամաբանորեն մայրը պետք է մեջտեղում լինի»:
Արտաքին աշխարհում Մեհրիբանը հանդիսանում է երկրի դիվանագիտական ռազմավարության հմայիչ հաղթաթուղթը՝ զուգված-զարդարված, պոլիգլոտ, ով այցելում է Վաշինգտոն, Ելիսեյան պալատ, Օրսայի թանգարան, Վատիկան, Համաշխարհային տնտեսական ֆորում, Լոնդոնի առաջատար պատկերասրահներ... Նա Ռուսաստանում և Եվրոպայում մի շարք մրցանակներ է ստացել. Նիկոլա Սարկոզին նրան է հանձնել Պատվո լեգեոնի շքանշան (այս տարի սկսվել է ստորագրահավաք այն Ալիևայից հետ վերցնելու համար), Շվեյցարիայում ԱՀԿ-ի, Կրան-Մոնտանա ֆորումի հիմնադրամի կողմից ստացել է մրցանակ: Նա նաև ՅՈՒՆԵՍԿՕ-յի և ԻՍԵՍԿՕ-յի բարի կամքի դեսպան է: Ադրբեջանը կարևոր նշանակություն ունեցող երկիր է:
Երկրի ներսում՝ Մեհրիբանը ղեկավարում է իր սկեսրայրի հոգևոր ժառանգությանը նվիրված հիմնադրամը, սակայն առաջին հերթին նրան հանրաճանաչ դարձրեց իր իսկ ստեղծած բարեգործական հարուստ հիմնադրամը: Ինչպես Ստամբուլում բնակություն հաստատած բլոգեր Արզու Գեյբուլան է գրում․ «Նա տպավորություն է ստեղծում, որ որևէ խնդրի դեպքում, ինչպես օրինակ՝ բժշկական ծախսերը հոգալու նպատակով, կարող ենք դիմել իրեն և նա կօգնի»: «Բոլոր փոքրիկ աղջիկները սիրում և ցանկանում են ընդօրինակել նրան», - այսպես է մեկնաբանել ադրբեջանական լրատվական գործակալության կողմից նկարահանված 2014թ. ռեպորտաժ, որը հեռարձակվել է նաև CNN-ով։
Մեհրիբանն ունի Յութուբյան ալիք, ինստագրամյան էջ և ինտերնետային կայք: Լինելով «Նոր Ադրբեջան» իշխող կուսակցության փոխնախագահը՝ Ալիևան երկրի ամենահզոր կինն է: Արդյո՞ք նա մի օր կցանկանա խաղալ սեփական խաղը` ժամանակակիցները «հին գվարդիայի» դեմ: «Այն մարդիկ, ում նա բերեց կառավարություն, տեխնոկրատ են, լավ կրթված, հավանաբար ավելի քիչ կոռումպացված, ավելի ժամանակակից, համենայն դեպս արտաքուստ», - ասում է Արզու Գեյբուլան: Միգուցե նրանք մի օր մեզ կզարմացնեն, բայց մինչ օրս որևէ նշան չկա: Ճշմարտությունն այն է, որ մենք անտեղյակ ենք, թե ինչ է մտածում Մեհրիբանը իր քարացած դիմակի հետևում»: