ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը շատ լուրջ առաջընթաց է գրանցել «Զվարթնոց» օդանավակայանում տեղակայված իր բժշկասանիտարական հսկիչ կետում վիրուսի կանխարգելման աշխատանքի որակի բարելավման առումով։
Այս գնահատականն Առողջապահության համաշխարհային կազմակերպությանն է։
Գնահատումն իրականացվել է ԱՀԿ Հարավային Կովկասի արտակարգ իրավիճակների պատրաստվածության ծրագրի համակարգող Վասիլի Էսենամանովի կողմից՝ ԱՀԿ մշակած չափորոշիչներով։ Ըստ այդմ՝ դիտարկվել է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ԱԱՏՄ անցման կետի պատրաստվածությունը Covid-19 համավարակին արձագանքման համատեքստում:
Արձանագրվել է, որ փետրվարի վերջի համեմատ, երբ ԱԱՏՄ-ն սահմանին դեռ նոր էր անցել ուժեղացված վերահսկողական աշխատանքների ռեժիմի, հուլիսի վերջին արձանագրվել է պատրաստվածության մակարդակի զգալի բարձրացում։
Աշխատանքի բարելավումը մի շարք հիմնական ուղղություններով է, մասնավորապես,
• օդանավակայանի տարածքում կորոնավիրուսի կանխարգելման մասին իրազեկման, պրոֆիլակտիկ միջոցառումների,
• երկիր մուտք գործող անձանց մոտ վարակիչ հիվանդություններին բնորոշ կլինիկական ախտանշանների զննման՝ այսպես կոչված «ոչ դեղորայքային» միջոցառումների, հեռավար ջերմաչափման,
• վերջիններիս վերաբերյալ տվյալների հավաքագրման և այլ գործընթացների մասով։
ԱՀԿ-ն արձանագրել է, որ ԱԱՏՄ աշխատանքային թիմի կողմից միջոցառումների իրականացման հսկողությունը շատ բարձր է։
Նշված անցման կետերում համապատասխան պայմանների ապահովումը միջազգային առողջապահական կարգավորումների հիմնական ուղղություններից է։