Կառավարությունը հուլիսի 23-ի նիստում հաստատեց ՍԴ դատավորի պաշտոնում Վահրամ Ավետիսյանի թեկնածությունը, և պետք է այն հիմա ներկայացվի խորհրդարան:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, անդրադառնալով ՍԴ նոր դատավորի թեկնածուին, ասաց՝ իրենք առաջիկայում հանդիպելու են Ավետիսյանի հետ: Ըստ Մակունցի՝ խորհրդարանը, այդ թվում նաև «Իմ քայլը խմբակցությունը, բավարար ժամանակ ունեն, որպեսզի կարողանան նրան ուղղել բոլոր հուզող հարցերը և հանդիպման ընթացքում, և արդեն ԱԺ լիագումար նիստերի ժամանակ:
«Հանդիպում կազմակերպելուց և մեր հարցերն ուղղելուց, մեզ հետաքրքրող բոլոր հանգամանքները բարձրաձայնելուց հետո պատգամավորները կձևավորեն իրենց դիրքորոշումը»,- շեշտեց Մակունցը:
Հիշեցնենք, որ հուլիսի 23-ին Կառավարությունը Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու է առաջադրել իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահրամ Ավետիսյանին։ Սակայն նրա թեկնածությունը նաև դժգոհություն է հարուցել. մարտի 1-ի զոհերի իրավահաջորդներն ու մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ դատապարտված անձինք հայտարարություն էին տարածել՝ հիշեցնելով, որ Ավետիսյանի հայրը 2008-2016 թթ. պաշտոնավարել է ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահի պաշտոնում ու մասնակցել ապօրինի դատական գործընթացների: