Հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի հրահրած մարտական գործողություններն արձագանք են ստացել նաև Գերմանիայում: Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը Ֆեյսբուքում կոչ է արել ցուցաբերել զսպվածություն, չմասնակցել չարտոնված որևէ բողոքի ակցիայի, չտարածել ագրեսիվ բովանդակություն պարունակող նյութեր և մեկնաբանություններ։ Ըստ նրա՝ արձանագրվում են ՀՀ դեսպանությունների, հայ համայնքների անդամների հանդեպ բռնության, գույքի վնասման կամ ոչնչացման դեպքեր: Հրկիզվել է ԳԴՀ֊-ում ՀՀ դեսպանության ծառայողական մեքենան:
«Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը և կիսելով ձեզանից յուրաքանչյուրի անհանգստությունը՝ խնդրում եմ ցուցաբերել առավելագույն զգոնություն և չտրվել որևէ սադրանքի։ Յուրաքանչյուրիդ խնդրում և հորդորում եմ չմասնակցել ԳԴՀ իշխանությունների կողմից չարտոնված որևէ նախաձեռնության կամ բողոքի ակցիայի, որը կարող է նպաստել արդեն իսկ առկա լարվածության աճին, ինչն էլ սադրիչների հետապնդած նպատակն է։ Խնդրում եմ նաև տարատեսակ սոցիալական հարթակներում չտարածել ագրեսիվ բովանդակություն պարունակող նյութեր և մեկնաբանություններ։ Այս իրավիճակում մենք պետք է լինենք առավելագույնս հավասարակշռված և զգոն, համադրենք բոլորիս ջանքերը մեր հայրենիքի հզորացման անշեղ գործում։ Մեր ընդհանուր խնդիրն է գործել Գերմանիայի Դաշնային Հանրապետության օրենսդրության շրջանակներում»,- նշել է Սմբատյանը: