ԳԹԿ տվյալներով՝ 2020-ի ընդունելության միասնական քննություններին հայտագրվել է 11 979 դիմորդ, քննություններին մասնակցել է 11 648-ը։ Ամփոփելով ընդունելության քննությունների արդյունքները՝ Ֆեյսբուքի ուղիղ եթերում ասաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։
Նա հայտնեց, որ դրական գնահատական է ստացել 9372 դիմորդ, ներառված չեն ռազմական և գերատեսչական ուսումնական հաստատությունների դիմորդները, որոնցից հիմնական փուլով բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվել է 8706 դիմորդ։
Ա․Հարությունյանն ասաց, որ թափուր տեղերի համար երեկ ավարտված մրցույթով ընդունվել է 472 դիմորդ, չի ընդունվել 49-ը։ Արդյունքում՝ շուրջ 12 հազար դիմորդներից դրական գնահատական ստացած և ԲՈՒՀ-եր չընդունված դիմորդների թիվը 223 է, որոնք հնարավորություն ունեն սեպտեմբերին դիմել բուհեր հեռակա կարգով կրթության համար։
Անդրադառնալով բարձր գնահատական ստացած և չընդունված դիմորդների խնդրին՝ նախարարը հայտարարեց, որ գերազանց՝ 18 և ավելի միավոր գնահատական ստացած, բայց ԲՈՒՀ չընդունված 6 դիմորդի առաջարկվել է իրենց դիմում-հայտերի հաջորդ կրթական ծրագրերին համապատասխան լուծումներ, 6-ից արձագանքել է 4 դիմորդ։ «Այսինքն՝ 4-ն արդեն ուսանող են, նրանցից մեկը դիմելու է հեռակա կարգով, մյուսը կոնկրետ մասնագիտություն է ուզում և այդպես է լրացրել հայտը»,- ասաց Ա․Հարությունյանը։
Խոսելով այդ հարցի շուրջ շահարկումների մասին՝ նախարարը հերքեց այն լուրերը, թե ընդունելության նոր կարգի վերաբերյալ պատշաճ իրազեկում չի եղել։ Նա նշեց, որ նոր կարգի մասին առաջինը տեղեկացվել է հենց իր կողմից՝ կառավարության նիստում, լայվերի, ԳԹԿ ներկայացուցիչների միջոցով։ Որպես ապացույց՝ նախարարն ուղիղ եթերում ցուցադրեց ԲՈՒՀ-երի ընդունելության մասին իր առաջին լայվի տեսագրությունը։
Ա․Հարությունյանը հայտարարեց, որ տեսնելու, լսելու, կարդալու բոլոր հնարավորությունները ստեղծված են եղել և մեղադրանքները և դիտարկումները, թե պատշաճ իրազեկում չի եղել, չի համապատասխանում իրականությանը։
Նա հերքեց լուրերը, թե քննությունների արդյունքները չեղարկվելու են՝ նշելով, որ ընդունելության քննություններն ավարտված են և արդյունքները վերջնական են։ Նախարարը շնորհավորեց ընդունված բոլոր դիմորդներին՝ մաղթելով հաջողություն ուսումնառության գործընթացում։
Ա․Հարությունյանն ասաց, որ կրթական չափորոշիչներին կանդրադառնա վաղը՝ թողնելով, որ որոշ մասնագետներ իրենց կեղծիքով և ստով ավելի խայտառակվեն։ Նա հորդորեց չտրվել սադրանքների՝ վստահեցնելով, որ սուտն ու կեղծիքն անցյալում են մնալու, անցյալում են մնալու նաև դրանք տարածողները։