Հուլիսի 25-ին ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տեսուչները շարունակել են խստացված շրջայցերը ՀՀ Տավուշի մարզի զբոսաշրջային վայրերում, կանաչ գոտիներում ու ջրային տարածքներում։
ԲԸՏՄ ղեկավարի պաշտոնակատար Գնել Հասրաթյանը նույնպես այցելել է ՀՀ Տավուշի մարզ, անձամբ տեղում ծանոթացել իրավիճակին և հետևել վերահսկողական աշխատանքներին։ Հասրաթյանը նշել է, որ ամբողջ հանրապետությունում կատարված մշտադիտարկումների համադրման արդյունքները ցույց են տալիս, որ ստուգայցերի մեկնարկին գրանցված խախտումների քանակն անհամեմատ շատ է եղել, քան վերջին օրերին գրանցվածները, սակայն կարևոր է չթուլացնել զգոնությունը և ՀՀ պարետի որոշումների կատարման նկատմամբ իրականացվող լայնամասշտաբ միջոցառումները շարունակել նույն ծավալով։
Կորոնավիրուսային հիվանդությունը կանխարգելելու նպատակով տեսչական մարմնի մասնագետների և ոստիկանների համատեղ խմբերը երկրորդ օրն անընդմեջ կատարած անակնկալ ստուգայցերի ընթացքում Պարզ լճի, Լաստիվերի, Ենոքավանի հանգստյան գոտիներում, Գոշավանք և Հաղարծին վանական համալիրների տարածքներում արձանագրել են խախտումների նվազում։ Թեպետ հակահամաճարակային անվտանգության կանոնները պահպանվում են ոչ լիարժեք՝ շարունակում են գրանցվել դիմակները ոչ պատշաճ կրելու, անկանոն հերթեր և մարդկանց կուտակումներ առաջացնելու դեպքեր, այնուամենայնիվ, երեկվա համեմատ այսօր ավելի քիչ խախտումներ են եղել։
Տեսուչների կողմից տրվել են ցուցումներ, իրականացվել է խորհրդատվություն, կատարվել են անհատական իրազեկման աշխատանքներ՝ կուտակումներ առաջացնող, խմբերով շրջող այցելուներին բացատրվել է հակահամաճարակային կանոններին խստագույնս հետևելու անհրաժեշտությունը։