Հեղափոխությունից հետո ստեղծված իրողությունները պարտադրեցին մտածել Սահմանադրության փոփոխությունների մասին. Մայր օրենքը փոխելու հարցն այսպես է հիմնավորում այդ նպատակով ստեղծված մասնագիտական հանձնաժողովի նախագահ Եղիշե Կիրակոսյանը: Թեև ամիսներ առաջ ստեղծված հանձնաժողովն ակտիվ աշխատում է, սակայն որևէ փաստաթուղթ դեռ չկա: Կիրակոսյանը նշում է՝ կարևոր են այս փուլում բոլոր շահագրգիռ կողմերի հետ քննարկումները:
Մասնագիտական հանձնաժողովի անդամ, «Լուսավոր Հայաստանից» Տարոն Սիմոնյանի համոզմամբ՝ Սահմանադրությունը հաճախակի փոխելը ճիշտ չէ, բայց հայոց պետականաշինության 30-ամյա պատմության ընթացքում երկու անգամ այն փոխվել է՝ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով: Եվ քանի որ քաղաքական բաղադրիչը մեծ էր, ժողովրդի կամքը, ըստ Սիմոնյանի, այդ Սահմանադրություններում ամբողջությամբ արտահայտված չէ:
Երկրում կառավարման մոդելի փոփոխության հարցն առաջինն է, որ հանձնաժողովը քննարկել է: Համաձայնության են եկել՝ Հայաստանում կառավարման մոդելը չի փոխվելու: 2015 թվականին ընտրված խորհրդարանական հանրապետության մոդելը կպահպանվի, քանի որ, ըստ հանձնաժողովի նախագահի, երկրին ցնցումներ պետք չեն:
Կհանվի բոնուսների միջոցով խորհրդարանում մեծամասնություն ձևավորելու դրույթը: 2015 թվականին Սահմանադրության փոփոխության հեղինակները բացատրում էին՝ այդ դրույթն անհրաժեշտ է երկիրը ցնցումներից զերծ պահելու համար: Կիրակոսյանն ընդունում է՝ դրույթը հանելը գուցե ռիսկային փոփոխություն է, սակայն բխում է խորհրդարանական մոդելի տրամաբանությունից: Կվերանայվեն նաև հանրապետության նախագահի լիազորությունները:
Հանձնաժողովի անդամների հետ ավելի քան երկու շաբաթ առաջ ունեցած հանդիպմանը Արմեն Սարգսյանը դժգոհել էր, օրինակ՝ ՍԴ դատավոր առաջադրելու նախագահի լիազորությունը ձևական բնույթ է կրում: Սարգսյանը կարծում է, որ ՍԴ դատավորներին պետք է ոչ թե առաջադրել, այլ նշանակել:
Սահմանադրությունը փոխելով՝ հեղափոխությամբ իշխանության եկած ուժն արդյո՞ք հետապնդում է քաղաքական նպատակ՝ Տարոն Սիմոնյանը դեռ դժվարանում է ասել. այս հանձնաժողովի նիստերը բացառապես մասնագիտական են եղել:
Հանձնաժողովը երկար քննարկել, սակայն դեռ համաձայնության չի եկել դատական իշխանությանն առնչվող փոփոխությունների շուրջ: Վիճահարույց է հատկապես Վճռաբեկ և Սահմանադրական դատարանները միավորելու հարցը: Այդուհանդերձ, հանձնաժողովը նախատեսում է հոկտեմբերին հրապարակել նախնական հայեցակարգը, իսկ արդեն 2021 թվականի հունիսին՝ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը: