Բանկային քարտերը աստիճանաբար դառնում են մեր առօրյայի անբաժանելի մաս՝ աստիճանաբար փոխարինելով ավանդական թղթադրամները՝ գրում է b4b.am-ը:
ՀՀ կենտրոնական բանկի տվյալներով՝ 2020 թվականի մայիսին հայաստանյան բանկերի թողարկած՝ շրջանառության մեջ գտնվող քարտերի քանակը գերազանցել է 2.4 միլիոնը։ Դա նշանակում է, որ ՀՀ յուրաքանչյուր չափահաս քաղաքացու բաժին է ընկնում միջինը մեկ բանկային քարտ։ Իսկ որո՞նք են ամենատարածված քարտերը հայաստանցիների շրջանում։
Ամենատարածվածը Visa Card-ն է։ Այս տեսակի քարտերի քանակը 1 մլն 41 հազար 60 է, ինչը շրջանառության մեջ գտնվող քարտերի մոտ 43%-ն է։
Հաջորդ ամենատարածվածը ԱրՔա-ն է (Armenian Card): Այս տարվա մայիսին շրջանառության մեջ գտնվող քարտերի մոտ 30%-ը ԱրՔա է (722423)։
Ամենատարածված քարտերի եռյակը եզրափակում է MasterCard-ը՝ 615676 հատ։ American Express-ը ունի սահմանափակ պահանջարկ՝ 10454 քարտ։ Վերջին տարիներին այս թիվը գրեթե չի աճում։ Սա թերևս պայմանավորված է այն հանգամանքով, որ Հայաստանում դեռևս ոչ բոլոր վայրերում է հնարավոր օգտագործել AmEx: Մնացած 37783-ը այլ տեսակի քարտեր են։
Ինչպես է փոխվել քարտերի թիվը
Եթե 2017 թվականի դեկտեմբերին քարտերի թիվը մոտավորապես 1.7 միլիոն էր, 2018 թվականի դեկտեմբերին գերազանցեց 2 միլիոնը, 2019 թվականի դեկտեմբերին մոտեցավ 2.4 միլիոնի սահմանագծին։
Վերջին մեկուկես տարում՝ 2018 թվականի դեկտեմբերից մինչև 2020 թվականի մայիս, շրջանառության մեջ գտնվող քարտերի թիվն ավելացել է մոտ 20%-ով կամ 403.3 հազարով։
Ընդ որում, բավականին հետաքրքիր է այս տարվա առաջին ամիսների դինամիկան։ Հունվար-մարտ ամիսներին քարտերի թիվն ավելացել էր մոտ 70 հազարով և հասել 2 մլն 460 հազարի։
Սակայն ապրիլ և մայիս ամիսներին քարտերի ընդհանուր թիվը նվազել է։ Ըստ ամենայնի, դա պայմանավորված է կորոնավիրուսային համաճարակով և մարդկանց տեղաշարժի սահմանափակումներով, ինչի հետևանքով ժամկետը լրացած քարտերի տերերը պարզապես չեն այցելել բանկեր՝ նոր քարտ վերաթողարկելու համար։
Ասվածն անուղղակիորեն ապացուցում է նաև այն փաստը, որ ապրիլ-մայիսի նվազումը գրեթե ամբողջությամբ ԱրՔա քարտերի գծով է (այս քարտերի թիվը նվազել է 38000-ով), որից օգտվում է մոտ 500 հազար թոշակառու։