Գրատախտակին՝ տարածքը, Սոֆիի ձեռքին էլ կավիճն է սպառվում: Անդադար երախտիքի խոսքեր է գրում, հետո ջնջում, կրկին նորերը գրում: Երջանկությունից է, որ նորից մայրիկի կողքին է: Գուցե նաև անհանգստությունից, որ հանկարծ, որևէ պատճառով կրկին մանկատանը չհայտնվի: Լուռ է, առանց խոսքերի, միայն այսպես է անվերջ շնորհակալություն հայտնում հասարակական կազմակերպության հիմնադրին՝ Մարինեին, որն իր մորը օգնել, միջնորդել է, ու դեռ շարունակում են աջակցել, որ Սոֆին ու երկու քույրն այլևս երբեք մանկատանը չապրեն: Տնից հեռու 6 տարի միայն քույրիկները գիտեն, թե որքան երկար էին ու որքան դժվար:
Ամուսնու հեռանալուց հետո մայրը երեք դստերը մանկատանն է թողել: Վախեցել է, որ միայնակ չի կարողանա հաղթահարել սոցիալական դժվարությունները, բայց անընդհատ այցելել է, տոներին տուն տարել երեխաներին: Աղջիկները 4, 5 և 8 տարեկան են եղել: Այդ 6 տարում ամենածանրն ավագ դստեր համար է եղել: Հոգեբանը բացատրում է. որպես ավագ քույր` ենթագիտակցորեն նա պատասխանատվություն է զգացել նաև կտրսեր քույրերի համար:
Այն, որ մայր ու դուստրեր հիմա միասին են, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու «Բարի մամա» հասարակական կազմակերպության գործակցության շնորհիվ է: Նրանք գտնում են բոլոր հուսահատ ծնողներին, որ այս կամ այն պատճառով պատրաստվում են հրաժարվել կամ հրաժարվել են երեխաներից, ու փորձում են նրանց հետ պահել ճակատագրական քայլից:
Մի քանի ամիս առաջ Քրիստինան ցանկացել է տուն վերադարձնել երեխաներին, օգնություն խնդրել: Մորն ու դուստրերին մի քանի օրով հյուրընկալել են «Բարի տնակում», որպեսզի մասնագետները գնահատեին, արդյո՞ք հնարավոր է նրանց համատեղ կյանքը: Համատեղ կյանքի արդեն երկրորդ ամիսն է, բայց թե՛ երեխաների, թե՛ մոր սրտում դեռ վախ կա: Առաջինների դեպքում, որ մայրը նորից իրենց չլքի, մոր դեպքում, որ հանկարծ երեխաներին չկարողանա պահել:
Փորձը ցույց է տալիս, որ հիմնականում հրաժարվում են առողջական խնդիրներ ունեցող երեխաներից ու կյանքի հենց առաջին օրերին: Որոշում կայացնելու հարցում վճռորոշ են դառնում կողքից խորհուրդներն ու երբեմն՝ հորդորները: Դա է պատճառը, որ բոլորովին վերջերս Հայաստանի քրեական օրենսգրքով ամրագվեց. առավել խիստ պատիժ է սահմանվում այն անձանց համար, որոնք բուժաշխատող են կամ համայնքային ծառայության աշխատակից և ծնողին դրդում են հրաժարվել երեխայից: Այնուամենայինվ, անկախ ջանքերից, բոլոր դեպքերում չէ, որ հաջողվում է ծնողին հետ պահել մանկալքությունից:
Նախարարություն հարյուրավոր նամակներ են գալիս. տարիներ առաջ հրաժարվել են երեխաներից, հիմա նրանց ճակատագրով են հետաքրքրվում: Նախարարը բացատրում է. այդ երեխաներից շատերը, ճիշտ է, ոչ կենսաբանական ընտանիքներում, բայց ընտանեկան երջանիկ կյանքով են ապրում, օրենքն էլ արգելում է երեխայից հրաժարված ծնողին նրա մասին որևէ տեղեկություն տալ: Քրիստինան, բարեբախտաբար անդառնալի քայլ չի գործել, երեխաներից չէր հրաժարվել, հետո էլ սթափվել ու օգնություն է խնդրել, որ փոքրիկներին հետ վերադարձնի:
Հիմա կորցրած ժամանակի սիրո պակասն են լրացնում: Առայժմ կապրեն «Բարի տնակում», կօգտվեն մասնագետների աջակցությունից: Աստիճանաբար վերանում է նաև տարիների ընթացքում մոր ու դուստրերի միջև ստեղծված անջրպետը: Խոսքերով դեռ չեն ասում, բայց ավագ դուստրը գտել է ձևը, թե ինչպես խոստովանել, որ մորից նեղացած չէ, մայրիկն իր սրտում է և որ ամենալավ տեղն աշխարհում այն տունն է, որտեղ ընտանիքն է: