ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ընդունել է կոնգրեսականներ Սփիեռի, Քոքսի ու Քրիշնամուրթի՝ Հատկացումների մասին օրենքում առաջ քաշած փոփոխության նախագիծը: Այն նախատեսում է մինչև 1,4 միլիոն ԱՄՆ դոլար տրամադրել Լեռնային Ղարաբաղում ականազերծում իրականացնելու համար: Կոնգրեսական Ջեքի Սփիեռն «Ամերիկայի ձայնի» հետ զրույցում անդրադարձել է օրինագծի ընդունմանն ու դրա կարևորությանը:
«Մեզ հաջողվել է ականազերծել ավելի քան 250 քառակուսի կիլոմետր տարածք Արցախում, դուրս բերել 61 հազար ական, սակայն այստեղ դեռևս առկա է ավելի քան 5.5 քառակուսի կիլոմետր տարածք, որը անհրաժեշտ է մաքրել ականներից»,- տեղեկացրել է կոնգրեսական Սփիեռը:
Նախքան ընդունումն օրինագծին աջակցություն էին հայտնել ավելի քան 30 կոնգրեսականներ: Ներկայացուցիչների պալատի ընթացակարգային հանձնաժողովը հավանության արժանացրեց փոփոխության օրինագծի ներառումը Հատկացումների մասին օրենքում: Մի շարք այլ օրինագծերի հետ մեկտեղ` այն ընդգրկվեց օրենսդրական փաթեթում, որի օգտին քվեարկեց Ներկայացուցիչների պալատը:
Այժմ օրենսդրական փոփոխություններն ու Հատկացումների մասին օրենքը կքննարկվեն ԱՄՆ Սենատում: Կոնգրեսական Սփիեռը հույս է հայտնում, որ օրինագիծը վերջնականապես կդառանա օրենք: Նա վստահեցնում է, որ հետևողական աշխատանք է տարվելու այս ուղղությամբ:
«Մենք շարունակելու ենք աշխատել՝ վստահ լինելու համար, որ փոփոխության այս օրինագիծը կպահպանվի վերջնական օրենքի նախագծում: Կոչ ենք անում մարդկանց զանգահարել իրենց սենատորներին և ընդգծել այս հարցի կարևորությունը»,- նշում է նա:
Ամերիկահայ կառույցները ողջունել են Ներկայացուցիչների պալատի կողմից օրինագծի ընդունման փաստը՝ երախտագիտություն հայտնելով համահեղինակ Ջեքի Սփիեռին և այլ կոնգրեսականներին, ովքեր աջակցել են նախագիծը ինչպես Դեմոկրատական, այնպես էլ Հանրապետական կուսակցություններից:
Հիշեցնենք, որ օրերս ԱՄՆ Կոնգրեսի ընթացակարգային հանձնաժողովը հրաժարվել էր ընդգրկել ԱՄՆ Կոնգրեսի ադրբեջանական հանձնախմբի համանախագահ, կոնգրեսական Սթիվ Քոհենի Հատկացումների մասին օրենքում փոփոխության նախագիծը, որը ձգտում էր արգելափակել Լեռնային Ղարաբաղում ականազերծում իրականացնելու նախաձեռնությունները: Այն չի դիտարկվել Հատկացումների մասին օրենքի քննարկման ու քվեարկության ընթացքում: