Տարբեր երկրներում տավուշյան թեժացման օրերին սկսվել ու չեն ավարտվում հայերի և ադրբեջանցիների միջև բախումները: Ըստ թուրքագետ Հայկ Գաբրիելյանի՝ դրանք դիտավորյալ հրահրվում են ադրբեջանական կողմից: Եվ տարբեր երկրների իշխանությունների համար տեղի հայերն ու ադրբեջանցիները դարձել են խնդիր:
«Այն, որ ադրբեջանական կողմի վերաբերյալ վստահություն այդ երկրներում չկար, դա ակնհայտ է, բայց որ ադրբեջանական կողմը փորձում է այսպիսի բախումներ հրահրելով հայկական կողմին նույնպես ներքաշել այս ամենի մեջ, որ մենք էլ նրանց հետ հավասար նույն գնահատականին արժանանանք, սա իսկապես մտահոգիչ է: Հնարավորության դեպքում, պետք է տուրք չտալ ադրբեջանական սադրանքներին»,- նշեց փորձագետը:
Գաբրիելյանը հիշեցրեց՝ Ադրբեջանը շատ կոպիտ սխալներ թույլ տվեց տավուշյան մարտական գործողությունների օրերին՝ երկրում հակահայկական ցույցերը, ատոմակայանին հարվածելու սպառնալիքը և այլն, փորձելով սեփական սխալների տակից այսպիսի միջոցներով «դուրս գալ»:
«Իսկական տեղեկատվական պայքարը նոր է սկսվում՝ ռազմական գործողություններից հետո: Հենց դրանից ելնելով է, որ որոշակի համաշխարհային բնույթ են հաղորդում խնդրին: Համայնքային բախումներից բացի, նաև սկսել են կեղտոտ քարոզչական թեզ առաջ տանել, թե Հայաստանը իբր պատրաստվում է հարվածել Բաքու-Թբիլիսի-էրզրում գազատարին՝ փորձելով պաշտպանվել Մեծամորի ատոմակայանի վերաբերյալ իրենց սպառնալիքից, միջազգային հանրության ուշադրությունն իրենցից շեղելով ու Հայաստանը որպես ահաբեկչական երկիր ներկայացնելով»,- նշեց Գաբրիելյանը:
Թուրքիան այդպես էլ չարձագանքեց Մեծամորի ատոմակայանին հարվածելու Ադրբեջանի սպառնալիքին, բայց այդ սպառնալիքի իրագործման դեպքում Թուրքիան կարող է մեծապես տուժել: Թուրքագետ Հայկ Գաբրիելյանը 1lurer.am-ի հետ զրույցում նշեց, որ անհամբեր սպասում էր ատոմակայանին հարվածելու սպառնալիքի վերաբերյալ թուրքական արձագանքին, որն այդպես էլ չեղավ:
«Ոչ ոք երաշխիք չունի, թե քամին ռադիոակտիվ ամպերը որ ուղղությամբ կքշի: Հատկապես որ, Թուրքիայում հայտարարում են, թե իրենք տուժել են նաև Չեռնոբիլի աղետից: Բայց այս մասով Թուրքիայից առայժմ արձագանք չկա: Եվ դա այն Թուրքիան է, որն անընդհատ շահարկում է Մեծամորի ատոմակայանի հարցը, այն որակում է որպես «հայկական Չեռնոբիլ», Եվրոպայի ամենավտանգավոր ատոմակայան, շարունակ պահանջում է փակել այն՝ ասելով, թե հարևան Իգդիր նահանգում կենդանիները ծնվում են խեղումներով, որ այդ ռադիացիան ազդում է նրանց վրա և այլն: Այդպիսի մանր խնդիրներին ուշադիր Թուրքիան փաստորեն այժմ լռության է մատնում Ադրբեջանի, այն էլ՝ ՊՆ-ի մակարդակով սպառնալիքը»,- նշեց թուրքագետ Հայկ Գաբրիելյանը: