«Ես ֆիքսել եմ, որ թե՛ տավուշյան թեժացումն այս տարի, թե՛ Ապրիլյան պատերազմը տեղի են ունեցել Ռուսաստան-Թուրքիա գազային բավական սուր կոնֆլիկտի ֆոնին: Ընդ որում, պատճառները տարբեր էին»,- 1lurer.am-ի հետ զրույցում նշեց թուրքագետ Հայկ Գաբրիելյանը՝ վերլուծելով տավուշյան սրացման ժամանակ Թուրքիայի աննախադեպ սուր հայտարարությունները:
Ըստ թուրքագետի՝ ապրիլյան սրացման դեպքում ՌԴ-Թուրքիա սուր կոնֆլիկտի պատճառը երկու գազատարների կառուցման հարցն էր՝ «Թուրքական հոսք» գազատա՞րը պետք է շուտ կառուցվի, որը Ռուսաստանին է առաջ մղում, թե՞ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից առաջ մղվող անդրանատոլիական «ԹԱՆԱՊ» գազատարը: Նաև թուրքագետը զուգադիպություն է գտել ամսաթվերի մեջ. ապրիլյան պատերազմը սկսվեց Քարվաճառի ազատագրման 23-ամյակին, իսկ տավուշյան թեժացումը սկսվեց արդեն 32 տարի առաջ կայացված ԼՂԻՄ մարզային խորհրդի այն որոշման օրը, որով այդ մարզը դուրս էր բերվում Ադրբեջանական ԽՍՀ կազմից:
Ինչո՞ւ մարտական գործողություններ սկսվեցին հայ-ադրբեջանական սահմանին ու հենց Տավուշի շրջանում, ինչո՞ւ Թուրքիան արձագանքեց աննախադեպ սուր ու կոշտ
Ապրիլյան պատերազմի օրերին Թուրքիան արձագանքեց մարտական գործողություններին՝ կատարելով հինգ հայտարարություն, դրանք տավուշյան թեժացման օրերի հայտարարությւոնների համեմատ կոշտ չես համարի: Տավուշյան թեժացման օրերին Թուրքիայի՝ միմյանց հաջորդող խիստ ու վերջին տարիների համար աննախադեպ կոշտ, երբեմն՝ նույնիսկ սպառնալից հայտարարությունները հաջորդեցին մեկը մյուսին: Օրինակ՝ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը սպառնաց՝ թող Հայաստանը հիշի, թե մեկ դար առաջ ինչպես ավարտվեց Մեծ Հայաստան ստեղծելու փորձը գերտերությունների օգնությամբ, և ինչպես կավարտվի հիմա:
Իսկ ընդհանուր առմամբ տավուշյան թեժացմանը Թուրքիայից մի քանի անգամ արձագանքեցին՝ Թուրքիայի արտգործնախարարությունը, արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, Թուրքիայում իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցության փոխնախագահ Նուման Քուրթուլմուշը, Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը: Հուլիսի 17-ին իրավիճակին անդրադարձավ հենց Էրդողանը՝ Հայաստանն անվանելով օկուպանտ ու մեղադրելով քաղաքացիական բնակչության վրա կրակելու մեջ:
Որո՞նք են Թուրքիայի այսօրինակ կոշտ հայտարարությունների պատճառը, ինչու՞ հիմա և ի՞նչ է դա ենթադրում՝ 1lurer.am-ի հետ զրույցում փորձեց պարզել թուրքագետ Հայկ Գաբրիելյանը՝ նշելով 6 պատճառ:
Պատճառ №1
Թուրքիայի համար վերջին տարիներին Ադրբեջանի կարևորության մեծացումն է շեշտակի տեմպերով
«Ադրբեջանը վերջին շրջանում տարիների համառությունից հետո երեք կարևոր զիջում է արել Թուրքիային. Ադրբեջանն ի վերջո համաձայնեց Թուրքիայի կողմից Նախիջևանի սահմանին ազատ առևտրի գոտու ստեղծումը, համաձայնեց Թուրքիայի քաղաքացիների համար միակողմանի պահվող վիզային ռեժիմի վերացմանը և համաձայնեց Թուրքիայի հետ ստորագրել արտոնյալ առևտրային ռեժիմով պայմանագիր, իսկ Թուրքիան վաղուց էր այս ամենը ցանկանում և միտումնավոր ձգձգում էր Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի հատվածի կառուցումը, քանի դեռ Ադրբեջանը չի համաձայնել այդ պայմաններին: Ձգձգելով Բաքու-Թբիլիսի-Կարսը՝ Թուրքիան ինքնին ձգձգում էր նաև Կարս-Իգդիր-Նախիջևան երկաթգծի կառուցումը, որը լինելու է այդ երկաթգծի շարունակությունը: Այս երկու երկաթգծերն էլ առնչվում են և՛ ուղևորահոսքին, և՛ բեռնափոխադրումներին : Թուրքիայի համար Ադրբեջանի կարևորությունը շեշտակի աճել է հատկապես գազային համատեքստում: Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը, Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարը արդեն գրեթե 15 տարի շահագործման մեջ են: Բաքու-Թբիլիսի-Կարսը համեմատաբար նոր է, 2017-ին է շահագործման հանձնվել՝ հոկտեմբերի 30-ին, այն օրը, երբ թուրքերը մեզնից խլեցին Կարսը: Այս երեք ենթակառուցվածքներից միակ խոշոր փոփոխությունը տեղի է ունեցել Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարի հետ:
Թուրքիան ամենաէժան գազը գնում է հենց Ադրբեջանից, նույն գազատարով տարեկան մոտ 6.5 միլիոն խորանարդ մետր գազ է ստանում, բայց վերջին տարիներին եռապատկվել է գազատարի թողունակությունը: Ադրբեջանն ընդլայնել է թողունակությունը, որ կարողանա Թուրքիային տարեկան հավելյալ ևս 6.5 միլիոն, իսկ Եվրոպային՝ 10 միլիարդ խմ գազ մատակարարել: Ընդհանուր առմամբ՝ գազատարի թողունակությունը 6.5 միլիարդից հասել է 20 միլիարդ խմ-ի: Հոկտեմբերից էլ պետք է մեկնարկեն ադրբեջանական գազի առաջին մատակարարումները Թուրքիայի տարածքով դեպի Եվրոպա, ինչը Թուրքիային տարանցիկ ճանապարհով հսկայական եկամուտներ ու հնարավորություններ կտա: Ռուսաստանը մի քանի տարի առաջ Թուրքիայի անվիճելի առաջատար գազամատակարար երկիրն էր՝ ապահովելով նրա գազային պահանջարկի գրեթե 60 տոկոսը, հիմա Թուրքիան սկսել է մեծ տեմպերով հրաժարվել ռուսական գազից: Նախորդ տարի ներկրումը նվազեցրել է 40%-ով, իսկ մոտ 30%-ով մեծացրել է ադրբեջանական գազի ներկրումները, ինչի շնորհիվ Ադրբեջանը նախորդ տարի դարձավ Թուրքիայի երկրորդ խոշոր գազամատակարարը՝ անցնելով Իրանին, իսկ այս տարի՝ առաջին խոշոր գազամատակարարը՝ առաջ անցնելով Ռուսաստանից։ Ադրբեջանը որքան կարևորվում է Թուրքիայի համար, այնքան Թուրքիան զգայուն է դառնում Ադրբեջանի հետ կապված հարցերում, որոնցում կարող է շոշափվել նաև իր շահը։ Եվ հենց դրա համար է Թուրքիան արձագանքում նման կերպ»,- նշեց Գաբրիելյանը:
Պատճառ №2
Ռուսական գազային լծակից ազատումը
«Երկրորդ կետը փոխլրացնում է առաջինին: Թուրքիան ադրբեջանական գազով կարողանում է չեզոքացնել ռուսական գազային լծակը, որը շատ ուժեղ էր: Ու անգամ օգոստոսին Թուրքիան կարող է 0 խմ գազ ներկրել ՌԴ-ից, ինչն աննախադեպ իրադարձություն կլինի 2000-ականներից ի վեր: Ադրբեջանը փաստորեն Ռուսաստանին վնասում է՝ ոչ միայն Թուրքիային օգնելով ձերբազատվել ռուսական լծակից, այլև շուտով կսկսի վնասել Ռուսաստանի գազային դիրքերին նաև Եվրոպայում: Թուրքիան մտավախություն ունի, որ Ռուսաստանն իսկապես դրա համար կարող է պատժել Ադրբեջանին ամենատարբեր միջոցներով: Եվ Թուրքիայի ամենասուր հայտարարությունները, օրինակ՝ Չավուշօղլուն ասում էր, թե «պատրաստ են տալ իրենց կյանքը՝ հանուն Ադրբեջանի», ըստ իս՝ իրականում ուղղված են առաջին հերթին Ռուսաստանին։ Թուրքիան ցույց է տալիս, որ պատրաստ է պաշտպանել իր շահերը տարածաշրջանում:
Եվ ես մտավախություն ունեմ, որ տարածաշրջանը կմնա թեժ այսուհետ, և հոկտեմբերից հետո կարող են անգամ վտանգավոր զարգացումներ լինել: Օրինակ՝ ադրբեջանական կողմը կամ մեկ ուրիշը կարող է պայթեցնել այդ գազատարը Թովուզի շրջանում և պատասխանատվությունը դնել մեզ վրա, իսկ դա մեզ ընդհանրապես պետք չէ: Բացի այդ, եթե այդ գազատարը պայթեցվի, դրանից առաջին հերթին կտուժի հարևան Վրաստանը, որը մեզ համար անչափ կարևոր երկիր է: Նաև Եվրոպան կտուժի, միջազգային ընկերությունները, որոնք մասնաբաժին ունեն այդ խողովակաշարում և, իհարկե, նաև Թուրքիան: Այսինքն՝ մենք միանգամից մի քանի հոգու հետ խնդիրներ կունենանք: Պետք է հայտարարենք, որ դա պայթեցնելը մեզ ընդհանրապես պետք չէ: Մենք նախկինում էլ ունեինք այդպիսի հնարավորություն, եթե ուզենայինք հարվածել Բաքվին, արած կլինեինք, այնպես չէ, որ նոր գրաված դիրքերն են այդ հնարավորությունը մեզ տալիս: Եթե թեժացումներ լինեն,մտավախություն ունեմ, որ Թուրքիան կփորձի իր զինծառայողներին տեղակայել այս գազատարի շրջանում՝ այն պաշտպանելու պատրվակով: Դրա համար անհրաժեշտ է Իլհամ Ալիևի համապատասխան խնդրանքը Թուրքիային, ինչպես Լիբիայում Տրիպոլիի իշխանությունները ռազմական օգնության խնդրանքով դիմեցին Թուրքիային, որը դրական պատասխան տվեց»,- նշեց փորձագետը:
Պատճառ №3
Ադրբեջանի տարածքային կորուստները
«Ի տարբերություն 2016 թ․ ապրիլյան պատերազմի՝ Ադրբեջանն այս անգամ ունեցավ դիրքային, տարածքային կորուստներ, և, հետևաբար, Թուրքիան պետք է կոշտացներ իր հայտարարությունների տոնը՝ նույն ապրիլյան թեժացման համեմատ։ Մյուս կողմից էլ՝ Թուրքիան նման կերպ չի արձագանքել անգամ 2014 թվականին, երբ հայտարարեցինք, որ Հայաստանը բարելավել է իր դիրքերը Նախիջևանի ճակատում»,- նշեց Գաբրիելյանը։
Պատճառ №4
2010 թ․ օգոստոսի 16-ին Թուրքիայի ու Ադրբեջանի միջև կնքված ռազմական փոխօգնության համաձայնագիրը
«5 բաժնից և 23 հոդվածից բաղկացած համաձայնագրի 3-րդ հոդվածը նախատեսում է երկու երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցություն։ Բայց ավելի կարևոր է 2-րդ հոդվածը, որը վերաբերում է հավաքական պաշտպանությանը: Այստեղ նշված է, որ եթե կողմերից մեկը երրորդ երկրի կամ մի խումբ երկրների կողմից ենթարկվի զինված հարձակման ու ագրեսիայի, ապա կողմերը միմյանց օգնելու են բոլոր հնարավորությունների օգտագործմամբ։ Տավուշյան թեժացման օրերին Թուրքիան Հայաստանին մեղադրում էր Ադրբեջանի դեմ զինված ագրեսիա իրականացնելու մեջ: Ու այդ հայտարարությունների ձեռքը Թուրքիան կարծես թե կրակն ընկավ, որովհետև ստացվում է, որ չի կատարում 2-րդ հոդվածով իր պարտավորությունը:
Թուրքիան պարզապես փորձում է 3-րդ հոդվածի կիրառմամբ Ադրբեջանին ինչ-որ զենքեր՝ հրթիռներ և ԱԹՍ-ներ տալով, նաև շատ սուր հայտարարություններ անելով՝ հագեցնել Ադրբեջանին: Իհարկե, Թուրքիան լավ է հասկանում, որ 2-րդ հոդվածի կիրառումը նշանակում է կարմիր գծի հատում, պատերազմ Հայաստանի դեմ: Այս պահին նա դա չի ցանկանում: Պատահական չեմ համարում, որ Թուրքիայից ամենաշատ ու ամենախիստ հայտարարությունները արել է հենց Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը»,- նշեց փորձագետը:
Պատճառ №5
Հեղինակության վերականգնում ներքին լսարանում
«Ճիշտ է, ներքին լսարանը այնքան էլ հետաքրքրված չէր տավուշյան էսկալացիայով, բայց իշխանամետ հեռուստաալիքները, մամուլն անընդհատ փորձում էին արծարծել այս թեման, թեժ պահել այն, որ ցույց տան Թուրքիայի սուր արձագանքը, որպեսզի Էրդողանի և նրա կուսակցության սասանված հեղինակությունը որոշակի վերականգնեն: Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցությունը վերջին տարիներին ավելի ազգայնամոլական բնույթ ունի, քան ավանդական, ազգայնամոլական «Ազգայնական շարժում» կուսակցությունը, որի հետ Էրդողանը ընտրական դաշինքի մեջ է մտել վերջին տարիներին: Ելնելով սրանից՝ Էրդողանը ներքին լսարանի համար նույնպես պետք է աներ սուր հայտարարություններ»,- նշեց Գաբրիելյանը:
Պատճառ №6
«Նոր Թուրքիան» ուժեղ է «Հին Թուրքիայից»
«2019 թ․ հունվարին Էրդողանը հայտարարեց, թե 1990-ականների սկզբներին՝ Արցախյան պատերազմի ժամանակ, Թուրքիայի՝ «Հին Թուրքիայի» իշխանությունները հզոր չէին, դրա համար «չկարողացան կանխել Ղարաբաղի օկուպացիան»: Մինչդեռ իրենք հայտարարում են, որ «Նոր Թուրքիան»՝ իսլամական Թուրքիան, ամենաուժեղն է վերջին 300 տարվա կտրվածքով՝ անգամ Օսմանյան կայսրության որոշ շրջանի համեմատ: Հիմա, ելնելով այս ամենից՝ Էրդողանը որոշակի իմաստով նաև դատապարտված էր ապացուցելու իր խոսքերի իսկությունը, որ իսկապես «Նոր Թուրքիան» շատ ուժեղ է: Նա հեգնել և ծաղրել էր նախկին իշխանություններին, իսկ հիմա ժամանակն է, որ իր խոսքերն ապացուցեր նաև գործով, դրա համար էլ հետևեցին այդ կոշտ հայտարարությունները»,- նշեց թուրքագետ Հայկ Գաբրիելյանը: