ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունն ունի մի քանի կոշտ հակաադրբեջանական տողատակեր: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է քաղաքագետ Նարեկ Մինասյանը` մանրամասնելով.
«Քննադատվում է Մեծամորին հարված հասցնելու վերաբերյալ ադրբեջանական կողմի հայտարարությունը: Քննադատվում է Ադրբեջանի ղեկավարության կողմից ԵԱՀԿ ՄԽ համանախագահության անարդյունավետության մասին հայտարարությունները և բանակցային ձևաչափի փոփոխության փորձերը:
Քննադատվում է Ադրբեջանի առավելապաշտական դիրքորոշումը, նրա կողմից հրադադարի խախտումը և սադրիչ քայլերը: Կարևորվել է միջազգային դերակատարների չեզոք արձագանքը և աջակցությունը ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին: Սա իր մեջ պարունակում է Թուրքիային ուղղված ակնարկ, որի գործողությունները լրիվ հակառակ տրամաբանության մեջ էին:
Լարվածության թուլացման այս ֆոնին առաջնային է համարվում բանակցային գործընթացի վերսկսումը: Համանախագահները կարևորում են դիտորդների վերադարձը տարածաշրջան և պատրաստ են հանդիպել նախագահներին և նրանց ներկայացուցիչներին ցանկացած ժամանակ:
Համանախագահների նման կոշտ շեշտադրումները մի կողմից նրանց արդարացի գնահատականն է Բաքվի կողմից 3 անգամ կրակի դադարեցման պայմանավորվածությունների խախտմանը, մյուս կողմից` հայկական կողմի ամուր դիրքավորման արդյունք է (ի շնորհիվ ՀՀ ԶՈւ արձանագրած հաջողության)»,- գրել է նա: