Գյումրու անտառավան թաղամասի տնակային ավանի բնակիչներն այս տարի արդեն մի քանի անգամ տուժել են հեղեղներից ու կարկուտից։ Մետաքսյա Գրիգորյանի տնակի տանիքը երեկ վերջնականապես տեղի տվեց և ջուրը դույլերով տուն լցվեց։ Երեկվա անձրևի հետևանքները մինչև այսօր էլ նկատելի էին տնակում, կտուրից կաթում էր։ Գիշերը չեն քնել, պատմում է տանտերը, դույլերով ջուր են դատարկել։
32-րդ ամառն է, որ անցկացնում են տնակում։ Վեց հոգով են բնակվում՝ տանտիրուհին, երեք զավակներն ու թոռները։ Անօթևան են, բայց հերթացուցակում չեն, բնակարան չի հասնում։ Գրանցում ունեն հարակից վթարային շենքում, որի իրական տերերը՝ Մետաքսյա Գրիգորյանի մահացած սկեսուրն ու սկեսրայրն են։ Իսկ վթարային այդ տանը հիմա տեգրն է ապրում։ Պետությունը փոխհատուցում է վթարային տան դիմաց, բայց դրանից Մետաքսյայի ընտանիքը չի օգտվի։
Ուժեղ անձրևը անհարմարություններ է պատճառել նաև տնակային ավանի մյուս բնակիչներին: 80-ամյա ամուսինների տնակն էլ է ջուր լցվել։ Ասում են` արդեն սովորել են։ Ի տարբերություն հարևանների՝ տարեց ամուսինները բնակարանի շահառու են, շենքը տնակի հարևանությամբ է եղել, քանդել են, իրենք մտել են տնակ, երբ տանտիկինը 43 տարեկան էր, հիմա սպասում են բնակարանի։
Վերջին օրերի պատուհասած հեղեղներից տուժել են նաև բազմաբնակարան շենքերի, սեփական տների բնակիչներ։ Գյումրու քաղաքապետարանը գրեթե ամեն օր դիմումներ է ստանում։ Ավագանու վերջին նիստին 10 մլն դրամ հատկացվեց փոխհատուցումների համար։ Սակայն հաջորդող օրերին դարձյալ տեղումներ գրանցվեցին։
Բողոք-դիմումների ընդունումը քաղաքապետարանում շարունակվում է, հանձնաժողով են կազմել,խոստանում են մեկ-մեկ ստուգել՝ հասցեներով, պարզել կրած վնասի չափը։ Քաղաքապետ Սամվել Բալասանյանն ավագանու նիստին հայտարարեց, եթե զգան, որ առաջացած խնդիրները քաղաքն ի զորու չէ կարգավորել, կդիմեն կառավարություն։