Մարտունու բժշկական կենտրոնը համալրվել է COVID-19-ի դեմ պայքարի նոր սարքավորումներով: Բժշկական կենտրոնին են հանձնվել «Իմ քայլը» հիմնադրամի ջանքերով և ռուսաստանաբանակ գործարար, արմատներով վարդենիկցի Արթուր Այվազյանի միջոցներով ձեռք բերված ախտահանիչ սարքավորումները և բժշկական նշանակության այլ միջոցներ:
Հովհաննես Ղազարյան, «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն - Սրանով մենք փորձում ենք աջակցել կորոնավիրուսի դեմ պայքարի առաջնային օղակներին, հզորացնել այդ օղակները, որը, կարծում ենք, շատ կարևոր է մեր բուժանձնակազմի կարողությունների հզորացման և իերնց բեռը թեթևացնելու տեսանկյունից: Շատ շնորհակալ ենք մեր բոլոր այն հայրենակիցներին, ովքեր այս դժվարին իրավիճակում փորձում են, այստեղ չբնակվելով, սատար կանգնել և իրենց աջակցությունը ցուցաբերել մեր հայրենիքին:
Մարտունու բժշկական կենտրոնն ստացել է մեկ ախտահանող թունել, վրանների համար նախատեսված 4 ախտահանիչ սարք, բժշկակական բազմակի օգտագործման արտահագուստներ և դիմավահաններ՝ 20-ական օրինակից, բժշկական ձեռնոցներ և սավաններ: Նվիրատուները հպարտությամբ շեշտել են, որ սարքավորումները հայկական արտադրության են:
Համավարակի դեմ պայքարի համար անհրաժեշտ նույն սարքավորումների և բժշկական մյուս պարագաների փաթեթ, այլ խմբաքանակով, տրվել է նաև Վարդենիկի առողջության կենտրոնին: