Զբոսաշրջիկի համար սահմանամերձ Բերդավանն արդեն անհայտ մոլորակ չէ: Եկել, տեսել, հավանել են: Նրանք բերդավանցի Էրիկի հյուրերն էին, և, չնայած կարճատև հյուրընկալությանը, տանտերը հասցրել է նաև նրանց աչքերով գնահատել իր հայրենի գյուղի հմայքները, ասում է` «սահմանային» բառն էլ ամենաքիչն էր հոլովվում:
Էրիկ Հախվերդյան (Բերդավան գյուղի բնակիչ) - Էստեղ շատ լավ պահպանված ամրոց կա, ու եկեղեցիներ կան, որոնք տուրիստներին հետաքրքրում են: Ես հյուրեր եմ ունեցել Ավստրալիայից, Ինդոնեզիայից, Ֆրանսիայից, իրենց գալուց հետո, ինձ թվում ա՝ ոչ մի զարմանալու բան չի լինելու:
Առաջինը մի ծանոթ ինդոնեզացի էր, եկել էր մեկ օրով, մնաց 3 օր:
Էրիկ Հախվերդյան - Իրա մոտ հետաքրքրություն էր առաջացել, զուտ քայլում էր, զբոսնում էս փոքր, նեղ ճանապարհներով գյուղական:
Նրանց գերել էր նաև ուտեստների համուհոտը: Վերջին ինը տարում Էրիկը Ռուսաստանում խոհարարական գործում էր հմտանում, մոտ 5 ամիս առաջ է վերադարձել ծննդավայր: Համավարակն ու արտակարգ դրությունը խառնել են հին ծրագրերը, բայց տվել նաև նորի միտքը:
Էրիկ Հախվերդյան - Պարապ չմնալու համար որոշեցի նորոգեմ հայրական տունը և արդեն որպես հյուրատուն ծառայեցնեմ: 4 ամիս ա՝ բոլորը բողոքում են, որ լավ չի վիճակը, մենք էլ ինչ-որ բան անում ենք, որ հետագայում լավ լինի: Արտակարգ դրությունը պետք ա դրական օգտագործել:
Տան վերնահարկն ամբողջությամբ նորոգվում է որպես հյուրատուն` տեղական կահույքով: Շինարարական դադարին պատշգամբի ճաղերն է ներկում, բանանի և կիվիի ծառերի կողքին ընկերոջ օգնությամբ` նոր ծառատեսակներով համալրում տնամերձ այգին, նաև` տեղական խոհանոցի հայտնի կանաչեղենով, ասում է` որ տուրիստն իր ձեռքով քաղի ու պատրաստի նախընտրելի կերակուրը: Գրեթե պատրաստ է նաև հացի փուռը: Կառուցել է թռչնանոց` նաև լորի համար: Էրիկը թեև ճամփորդել է ինը երկրում, բայց, ասում է, ամենահամովը մեր խոհանոցն է, միայն պետք է ճիշտ մատուցել:
Էրիկ Հախվերդյան - Վարպետաց դասեր ա լինելու, Բերդավանի ուտեստներից իմ տատը, օրինակ՝ պատրաստել է հոնի փշեջուր, լոբիի փշեջուր, փթռուկ, կոնջոլ, դանդուռի տապակա, մի ամբողջ մենյու: Վերամշակել ենք Նոյեմբերյանի մոռացված ուտեստները:
Էրիկի մայրը` Անուշն էլ հիշել է գորգագործի իր շնորհքի մասին, 40 տարի առաջ սկեսրոջից էր սովորել, հիմա գործիքները փոշուց մաքրած, նոր գորգը` հինած, վերջինը վաղուց է գործել, բայց չի մոռացել` հմտությունը պատրաստ է կիսելու տուրիստի հետ:
Անուշ Հախվերդյան (Բերդավան գյուղի բնակիչ) - Սրա վրա բուրդը գզում ենք, թելն անում ճախարակի վրա, հետո ներկում, ընտրում ենք գորգը` հին տեսակի: Ես կսովորեցնեմ տուրիստին, եթե ինքը ցանկանա գործել:
Եթե տուրիստի բախտը բերի, ըստ սեզոնի կտեսնի նաև օղու թորման և գինու պատրաստման գործընթացը: Էրիկի խոսքով՝ այս ամենը ամբողջովին պատրաստ կլինի գալիք գարնանը: Մտադիր է ներգրավել գյուղի երիտասարդներին: Գյուղական տուրիզմի գործում Էրիկին չի վախեցնում առաջինը լինելը, ռիսկը ազնիվ բան է և արդարացված, եթե վարակիչ է.
Էրիկ Հախվերդյան - Փորձում եմ լավով օրինակ ծառայել: