ԱՀ պարետ, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը ստորագրել է նոր որոշում, որով սահմանվել է Ասկերանի շրջանի Այգեստան համայնքի վարչական տարածք մուտք գործելու և ելք կատարելու հատուկ ռեժիմ: Այս մասին տեղեկացնում են Արցախի տեղեկատվական շտաբից:
Մուտքի և ելքի արգելքից բացառություն է արվում առաջին անհրաժեշտության ապրանքների, պարագաների, սննդամթերքի, դեղորայքի, վառելիքի մատակարարման նպատակով անձանց տեղաշարժի, Հյուսիս-հարավ մայրուղիով ավտոմոբիլային տրանսպորտի երթևեկության և պարետի ցուցումով՝ բացառիկ այլ դեպքերում:
Որոշումն ուժի մեջ է ժամը 18.00-ից, սակայն մինչև վաղը՝ ժամը 12.00-ը, թույլատրվում է Այգեստան համայնքում մշտական բնակության իրավունք ունեցող կամ փաստացի բնակվող անձանց մուտքը: Հատուկ ռեժիմի իրականացումն ապահովելու նպատակով ԱՀ ոստիկանության կողմից սահմանված վայրերում տեղադրվելու են հատուկ անցակետեր՝ անձանց ու տրանսպորտային միջոցների շարժը վերահսկելու նպատակով: