Հուլիսի 24-ին «Նորտեխշին» ՍՊԸ-ի կողմից իրականացվելիք Երևանի Արշակունյաց պողոտայի 9/2 հասցեում գտնվող «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի շենքի պայթեցման աշխատանքներին մասնակցելու նպատակով ժամը 16։22-ից մինչև 20։30-ն ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ իրականացրել է հերթապահություն։
Պայթեցման աշխատանքների նախապատրաստման շրջանակում՝ ժամը 14։00-ից, բնակչության անվտանգությունն ապահովելու համար ՀՀ ԱԻՆ Երևան քաղաքի փրկարարական վարչության աշխատակիցների կողմից շրջայցի միջոցով իրականացվել է հարակից տարածքների կազմակերպությունների ղեկավարների տեղեկացում, իսկ ժամը 16:30-ից մինչև 20:00-ն ընկած ժամանակահատվածում սահմանափակվել է Ագաթանգեղոսի փողոց – Գրիգոր Լուսավորչի փողոց, Ագաթանգեղոսի փողոց – Արշակունյաց պողոտա – Քրիստափորի փողոց, Քրիստափորի փողոց - Սևանի փողոց - Արշակունյաց պողոտա հատվածների ճանապարհային երթևեկությունն ու բնակչության տեղաշարժը։
Տեղում հերթապահություն են իրականացրել նաև շտապօգնության մեկ բրիգադ և ՀՀ ոստիկանության կարգախմբերը։
Ժամը 19:41-ին և 19։46-ին իրականացվել է շենքի (մաքսային պահեստ) մի մասի մասնակի պայթեցում։ Պայթեցման արդյունքում շենքի փլուզում տեղի չի ունեցել։
Համաձայն «Նորտեխշին» ՍՊԸ-ի ղեկավարության հայտարարության՝ փլուզումը տեղի չի ունեցել էլեկտրական սարքի խափանման արդյունքում շենքում տեղադրված պայթուցիկների մի մասի չգործելու պատճառով։ Էլեկտրական սարքը հանձնվել է համապատասխան լաբորատորիա փորձաքննության։ Պայթեցման արդյունքում շենքի կրող սյուները մասնակիորեն թուլացել են, բայց այս պահին շենքի փլուզման վտանգ չկա։ Տեղադրված պայթուցիկները անվտանգ են, տարածքում իրականացվում է հերթապահություն ՀՀ ոստիկանության ուժերով։
Անվտանգությունից ելնելով՝ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մարտական հաշվարկը ևս շարունակում է իրականացնել հերթապահություն։
Դեպքի վայրում են գտնվել ԱԻՆ ՓԾ տնօրեն փ/ծ գեներալ-մայոր Վ. Գաբրիելյանը, Երևան քաղաքի փրկարարական վարչության պետ փ/ծ գնդապետ Ա․ Հարությունյանը, «Նորտեխշին» ՍՊԸ գլխավոր ինժեներ Վ․ Պետրոսյանը։
Պայթեցման աշխատանքները կիրականացվեն մի քանի օրից, որի մասին լրացուցիչ նախապես կտրամադրվի տեղեկատվություն։