Անվտանգության խորհրդի հուլիսի 10-ի նիստում հավանության արժանացավ ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության նոր հայեցակարգը: Այսօր կազմակերպվել է Ազգային անվտանգության ռազմավարությանը նվիրված հանրային քննարկում: Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդգծեց, որ փաստաթղթի շուրջ քննարկումներն այն ավելի առարկայական են դարձնում և հնարավորություն տալիս տեքստին ավելի խորքային ծանոթանալ:
ԱԽ քարտուղարն անդրադառնալով հաճախ հնչող հարցին, թե ինչու հայեցակարգում «Արցախ» բառի կողքին չկա «Հանրապետություն» բառը՝ ասաց, որ ամբողջ տեքստում ցանկացած բառի, ձևակերպման շուրջ լայնածավալ քննարկումներ են եղել:
«Արցախի մասով հստակ ձևակերպումներ կան, որոնք ստատուսով նույնիսկ ավելի բարձր են: Ռազմավարությունն ունի տրամաբանություն, և այդ տրամաբանությունը, կարելի է ասել, դասական ռազմավարության տրամաբանության մեջ ենք փորձել դնել: Փորձել ենք ձևակերպել Հայաստանի հիմնական շահերը: Կարևոր, առաջնահերթ շահերից մեկը Հայաստանի ինքնիշխանությունն է, տարածքային ամբողջականությունը և Արցախի անվտանգությունը: Մենք Արցախին տվել ենք ՀՀ-ի շահի ամենաբարձր մակարդակը և տարածքային ամբողջականության, մեր սուվերենության հետ միասին մենք Արցախի անվտանգությունը համարում ենք Հայաստանի կարևորագույն շահերից մեկը»,- ասաց Գրիգորյանը:
Նա նաև կարևորեց այն, որ պետք է ռազմավարության տեքստն ամբողջական կարդալ՝ սկզբից մինչև վերջ, և հարցեր որոնելիս ամբողջական տեքստը դիտարկել: Նրա խոսքով՝ եթե, օրինակ՝ ռազմավարության մի հատվածում արժեքների մասին չեն գտնում, ապա պետք է մյուս հատվածներում դրանք որոնել:
«Ժողովրդավարությունը դիտում ենք Հայաստանի անվտանգության մաս, մեր ազգային հիմնական շահերից մեկն է, որը ներդրում է ունենում անվտանգության համակարգի մեջ: Ռազմավարությունն ընդունելուց երկու օր հետո այն պայմանական որոշակի թեստ անցավ Տավուշում սրված իրավիճակով: Ընդհանուր այն մոտեցումները, որոնք կային ռազմավարությունում, կարծում եմ, այդ թեստն անցան»,- ասաց ԱԽ քարտուղարը:
Գրիգորյանը նշեց, որ ռազմավարությունում Ադրբեջանի հնարավոր ռազմական գործողությունները որպես առաջնային սպառնալիք են ձևակերպված, Թուրքիան ձևակերպված է որպես սպառնալիք այն իմաստով, որ Ադրբեջանին աջակցություն է ցույց տալիս:
«Ռազմավարության «Արտաքին քաղաքականություն» բաժնում կա համահայկականության սկզբունքը, որն ընդհանուր առմամբ, կարող եմ ասել, հստակ ցույց տվեց նաև Ռուսաստանում բիզնեսի հետ ստեղծված խնդիրները: Այդ համահայկականության օրակարգը, ինչպես նաև աշխարհի տարբեր մասերում հայերի համախմբումն է»,- ընդգծեց Գրիգորյանը՝ հավելելով, որ այն կենսունակ փաստաթուղթ է: