ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Իգոր Պոպով, ՌԴ, Ստեֆան Վիսկոնտի, Ֆրանսիա, Էնդրյու Շոֆեր, ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ (PRCIO) Անջեյ Կասպրշիկը Հայաստանին և Ադրբեջանին ուղղված համատեղ հայտարարությամբ են հանդես եկել:
«Համանախագահները և PRCIO-ն ողջունում են հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 16-ից հաստատված հարաբերական անդորրը և կողմերին կոչ են անում օգտվել ակտիվ ռազմական գործողությունների թուլացումից` առարկայական բանակցություններին նախապատրաստվելու համար` հակամարտության համապարփակ լուծումը գտնելու նպատակով»։
Համանախագահները ևս մեկ անգամ շեշտում են, որ այս բարդ շրջանում սադրիչ հայտարարություններից և գործողություններից, ինչպես նաև սպառնալիքներից կամ քաղաքացիական հասարակությանն ուղղված ենթադրյալ սպառնալիքներից խուսափելը խիստ կարևոր է:
«Վերջին հրապարակային հայտարարությունները, որոնք քննադատում են ՄԽ համանախագահող երկրների ջանքերը և/կամ ձգտում միակողմանիորեն հաստատել կարգավորման գործընթացի ձևաչափի նոր «պայմաններ» կամ փոփոխություններ, չեն նպաստում կառուցողական երկխոսության վերսկսմանը։
Խաղաղ կայուն կարգավորման համար քաղաքական կամքը լավագույնս կարելի է դրսևորել՝ մաքսիմալիստական դիրքորոշումներից, սադրիչ հայտարարություններից և գործողություններիղ զերծ մնալով, հրադադարը խստորեն պահպանելով»,- նշվում է հայտարարության մեջ։
Ըստ հայտարարության՝ համանախագահներն ու PRCIO-ն երախտապարտ են միջազգային կազմակերպություններին, այդ թվում՝ ՄԱԿ-ին, ԵԱՀԿ-ին և ԵՄ-ին ակտիվ մասնակցության համար, որոնց կոչերը հրադադարը պահպանելու և երկխոսությունը վերականգնելու հարցում աջակցում են համանախագահների ջանքերին։
Համանախագահները հաստատել են իրենց պատրաստակամությունը ցանկացած ժամանակ հանդիպելու ղեկավարների կամ նրանց ներկայացուցիչների հետ և ընդգծել ԵԱՀԿ դիտորդների՝ հնարավորինս շուտ տարածաշրջան վերադարձի անհրաժեշտությունը։