Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովում քննարկում են Ազգային ժողովի վերահսկողական գործառույթների ընդլայնման հարցը՝ պառլամենտական հանրապետության տրամաբանության մեջ. տեղեկացրել է հանձնաժողովի նախագահ Եղիշե Կիրակոսյանը:
Նրա խոսքով, քննարկվում է խորհրդարանական խմբակցություններին և մշտական հանձնաժողովներին վերահսկողական լիազորություններ տալու թեման: Քննարկումներ են ընթանում նաև երկրի նախագահի կարգավիճակի վերաբերյալ:
«Կարծում եմ՝ նաև տեսաք, որ հանձնաժողովը հանդիպեց Հայաստանի Հանրապետության նախագահի հետ, որտեղ նախագահը ներկայացրեց իր տեսլականը և իր մտահոգությունները, կիսեց վերջին երկու տարիների իր փորձը։ Հանձնաժողովը այս քննարկումների ընթացքում նաև դա անպայման հաշվի կառնի։ Այդ տրամաբանության մեջ առանձին քննարկվում է նախագահի կարգավիճակի և լիազորությունների վերանայումը։ Որոշակի քննարկում է եղել նախագահի ընտրության վերաբերյալ, բայց այս հարցի շուրջ դեռ միասնական դիրքորոշում չունենք»,- ասել է նա։