Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 24-ին երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Արցախի Հանրապետություն:
ՀՀ ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը և ԱՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Պողոսյանը քննարկել են համատեղ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, որոնք վերաբերել են Հայաստանի և Արցախի պետական եկամուտների կոմիտեների միջև համագործակցության զարգացման հեռանկարին եւ իրականացվող ծրագրերի առաջնահերթություններին։
Էդվարդ Հովհաննիսյանը վստահություն է հայտնել, որ հայկական երկու պետությունների հարկային ու մաքսային մարմինների միջև գործակցությունն առաջիկայում ավելի կզարգանա, համատեղ քայլերով նոր թափ ու եռանդ կհաղորդվի այդ համագործակցությանն՝ ի շահ մեր ընդհանուր տնտեսության: «Երկու պետություններում պետական եկամուտների վարչարարության կայուն ու ներդաշնակ զարգացումն օրվա հրամայականն է»,- ընդգծել է ՀՀ ՊԵԿ նախագահը:
2018 թվականին ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և ԱՀ ֆինանսների նախարարության միջև ստորագրվել է համագործակցության միջոցառումների եռամյա ծրագիր, որը նախատեսում է հարկային և մաքսային վարչարարության տարբեր հարցերով փոխադարձ աջակցություն, համատեղ աշխատանք, փորձի, գիտելիքների ու տեղեկությունների փոխանակում: «Ծրագիրն այն իրավական հիմքն է, որով մեր գերատեսչություններն առաջնորդվում են ամենօրյա աշխատանքում: Հավաստիացնում եմ, որ ՀՀ ՊԵԿ կողմից ծրագրի պատշաճ կատարումը գտնվում է իմ անմիջական հսկողության ներքո»,- շեշտել է Էդվարդ Հովհաննիսյանը։
Հատկանշական է, որ Արցախի Հանրապետությունում ներդրվել և գործում են այնպիսի էլեկտրոնային համակարգեր, որոնք ավելի առաջադեմ են, քան շատ այլ զարգացած երկրներում, որտեղ բիզնես գործընթացները դեռևս էլեկտրոնային չեն։ Հայաստանի և Արցախի հարկային մարմինների համատեղ աշխատանքով հաջողությամբ ներդրվել է կուտակային կենսաթոշակային համակարգը: Այն հնարավորություն է տալիս էլեկտրոնային եղանակով՝ ՀԾՀ-ի մակարդակով, իրականացնել անձնավորված հաշվառում, հաշվարկել սոցիալական վճարները և փոխանցել դեպոզիտարիա։ Ներդրվել են նաև էլեկտրոնային եղանակով հարկային հաշվարկների ներկայացման և հաշվարկային փաստաթղթերի էլեկտրոնային դուրսգրման համակարգերը։ Ներկայում աշխատանքներ են իրականացվում Հայաստանում և Արցախում այդ համակարգերն ինտեգրելու ուղղությամբ։
ՀՀ ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը հանդիպման ավարտին հաջողություն է մաղթել Արցախի գործընկերներին և ընդգծել, որ համատեղ աշխատանքի արդյունավետությամբ է պայմանավորված երկու պետությունների տնտեսության ամրապնդումը և զարգացումը: