«Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամը տարիներ շարունակ աջակցել է Քաշաթաղի շրջանի վերաբնակեցմանը և կայացմանը՝ իրագործելով տարբեր ծրագրեր դպրոցաշինության, բնակարանաշինության, գյուղատնտեսության ոլորտներում՝ «Արցախպրեսին» տեղեկացրել է Քաշաթաղի ղեկավարի օգնական Իննա Բաբայանը։
Տարվա սկզբից հիմնադրամն իրականացնում է նոր գյուղատնտեսական ծրագիր Միջնավանի տարածքում՝ հիմնելով 5 հեկտար փորձարարական այգի, որտեղ տնկվել են տարբեր տեսակի պտղատու ծառեր, պարզելու, թե, որ ծառերն են ավելի հարմար տեղի բնակլիմայական պայմաններին:
Այս տարի, կապված նոր կորոնավիրուսի տարածման հետ, հիմնադրամը Քաշաթաղի հողօգտագործողներին տրամադրել է 64.8 տ. ազոտական պարարտանյութ նաև բժշկական տարբեր պարագաներ շրջանի բուժմիավորմանը՝ Աղավնոյի անցակետում հերթապահության ժամանակ օգտագործելու նպատակով։
Շուտով կավարտվի Վանի միջնակարգ դպրոցի շենքի հիմնանորոգումը, իսկ Կովսական քաղաքում, հիմնադրամը սկսել է վիրավոր ազատամարտիկ Համլետ Հովհաննիսյանի ընտանիքի տան վերակառուցումը: Նույն քաղաքում օրերս ավարտին հասցվեց քաղաքային այգու և մանկական խաղահրապարակի շինարարությունը։
Հնգամյա բարեգործական ծրագիր է նախատեսվում, Միջնավանի, Կովսականի քաղաքային և Վանի, Ալաշկերտի, Մուշի գյուղական համայնքներում: Մոտ օրերս կսկսվի Մոշաթաղի գյուղական համայնքի խմելու ջրի համակարգի նորոգումը: