Այսօր՝ հուլիսի 24-ին, Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում տեղի է ունեցել նորանշանակ 8 հարկադիր կատարողի երդման ու ծառայողական վկայականների հանձնման հանդիսավոր արարողությունը:
Առաջին անգամ հարկադիր կատարողի պաշտոնում նշանակված անձինք երդվել են ծառայել Հայաստանի Հանրապետության ժողովրդին, խստագույնս պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, աջակցել սահմանադրական կարգի պահպանմանը։
Շնորհավորելով ծառայության շարքերը համալրած նոր աշխատակիցներին՝ գլխավոր հարկադիր կատարող Սերգեյ Մեղրյանն իր խոսքում նշել է․ «Վստահ եմ, որ ստանձնելով հարկադիր կատարողի պարտականությունները՝ դուք խորապես գիտակցում եք ձեր առջև դրված պատասխանատվությունը՝ օրենքի, պետության և մեր քաղաքացու իրավունքների պաշտպանության հարցում։ Լիահույս եմ, որ անվերապահորեն կհետևեք ձեր տված երդմանը և բարեխղճորեն կիրականացնեք ձեր ծառայությունը»։
Գլխավոր հարկադիր կատարողը շնորհավորական իր խոսքում նաև նկատել է, որ բարեփոխումների ճանապարհին նոր կադրերով ծառայությունը համալրելու գործընթացն անհրաժեշտություն է և նպատակ ունի բարձրացնելու ծառայության գործունեության արդյունավետությունը՝ միևնույն ժամանակ վստահեցնելով, որ բարեխիղճ աշխատողներն անպայմանորեն նկատվելու են։