Հանրային տրանսպորտում անվտանգության կանոնները պահպանելու և Covid-19 համավարակի տարածումը կանխարգելելու նպատակով այսօր՝ հուլիսի 24-ին, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Տավուշի տարածքային բաժնի մասնագետները ՀՀ ճանապարհային ոստիկանության մարզային ստորաբաժանման ծառայողների հետ համատեղ մշտադիտարկումներ և վերահսկողական գործառույթներ են իրականացրել ՀՀ Տավուշի մարզի ամբողջ տարածքում։
Մարզի ամբողջ տարածքում, այդ թվում՝ Դիլիջան, Իջևան քաղաքներում, միջմարզային և ներմարզային կանոնավոր երթուղիները սպասարկող տրանսպորտային միջոցներում, մարդատար տաքսի ավտոմոբիլներում իրավախախտումներ չեն արձանագրվել։
Միջմարզային և ներմարզային կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցներում հայտնաբերված որոշ թերությունների վերաբերյալ ՏՄ մասնագետները տեղում տվել են նախազգուշացումներ և թերություններն անհապաղ շտկելու ցուցումներ, ինպես նաև վաղ առավոտից իրականացվող դիտարկումներին զուգահեռ վարորդների և ուղևորների շրջանում տարվել են ակտիվ իրազեկման և բացատրական աշխատանքներ։
ՀՀ պարետի որոշմամբ նախատեսված անվտանգության կանոններին հետևելու և պահպանելու նպատակով տեսչական մարմինը շարունակում է լայնածավալ վերահսկողություն իրականացնել հանրապետության բոլոր մարզերում և մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում։