Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանի ուղեկցությամբ հետևել է մարզում ընթացող ճանապարհաշինական աշխատանքներին։
Հարթավան-Քուչակ, Քուչակ-Ապարան ճանապարհատվածներում, որտեղ իրականացվում են միջին նորոգման աշխատանքներ, նախարարը կապալառու կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկել է աշխատանքների իրականացմանը վերաբերող հարցեր, ներկայացրել իր դիտարկումներն աշխատանքի որակի և ժամանակացույցի հետ կապված։ Սուրեն Պապիկյանը մեկ անգամ ևս հավաստիացրել է, որ անորակ իրականացված աշխատանքները չեն ընդունվելու և հորդորել է ուշադրություն դարձնել շինաշխատանքների որակին։ Պատասխանատուները վստահեցրել են, որ պատշաճ ուշադրություն է դարձվում որակի վերահսկմանը, իսկ թերություների դեպքում դրանք պարտադիր շտկվում են։
Հիմնանորոգման աշխատանքներ են իրականացվում Չքնաղ-Ձորագլուխ 5․4 կմ ճանապարհահատվածում։ Պայմանագրային արժեքը 358 մլն դրամ է, աշխատանքները նախատեսված է ավարտել դեկտեմբերին։ Նախարար Պապիկյանի հետ զրույցում պատասխանատուները նշել են,որ նախագծային որոշ աշխատանքների ավարտից հետո նորոգման աշխատանքները կշարունակվեն ավելի լայն թափով:
Պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգվում է նաև մարզի Վարդաբլուր համայնքի կենտրոնական փողոցի 2 կմ ճանապարհահատվածը։ Ներկայումս ընթանում են հողային աշխատանքներ։ Վերջին անգամ համայնքի ճանապարհն ասֆալտապատվել է 1980-ական թվականներին։
Հիմնանորոգման աշխատանքներն ընթացքում են Սիփան-Ավշեն եզդիաբնակ համայնքներն իրար կապող 6․1 կմ ճանապարհահատվածում։ Ճանապարհը կառուցվել է մոտ 40 տարի առաջ և մեծ նշանակություն ունի երկու համայնքների համար։ Նախարարն ընդգծել է, որ ամեն ինչ արվում է համայնքային ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ․ բարեկարգ ճանապարհն իր հերթին կնպաստի ազգային փոքրամասնություններով բնակեցված այս համայնքներում կյանքի աշխուժացմանը։
Շիրակի մարզում նախարար Պապիկյանը մարզպետ Տիգրան Պետրոսյանի ուղեկցությամբ հետևել է Երևան-Գյումրի-հայ-վրացական սահման մայրուղու Քեթի-Ցողամարգ 12 կմ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին։ Շինարարության պատասխանատուների խոսքով իրականացվել են հողային աշխատանքներ, հիմնանորոգվել են ջրահեռացման համակարգերը: Ճանապարհը վերջին անգամ հիմնովին նորոգվել է 2000-ական թթ: Իրականացվելու է երկշերտ ասֆալտապատում` 10 սմ ասֆալտբետոնե ծածկի տեղադրմամբ:
Հոռոմ-Արթիկ հանրապետական նշանակության ճանապարհի տարբեր հատվածներում ևս իրականացվում են հիմնանորոգման, ինչպես նաև միջին նորոգման աշխատանքներ: Նախարար Պապիկյանը ծանոթացել է Գուսանագյուղով անցնող ճանապարհի հիմնանորոգման ընթացքին, որտեղ ներկայումս իրականացվում են հողային և ջրահեռացման համակարգի անցկացման աշխատանքներ: Իսահակյան-Գյումրի հանրապետական նշանակության ճանապարհը ևս նախատեսվում է հիմնանորոգել այս տարի: Շրջայցի ընթացքում այս հատվածում նկատված խնդիրները ուսումասիրելիս նախարար Պապիկյանը հորդորել է պատասխանատուներին հետևողականություն ցուցաբերել, շտկել նախագծային թերությունները և տեմպ հաղորդել ճանապարհի շինարարությանը:
Վերադարձին նախարարն Արմավիրի մարզում հետևել է Արմավիր քաղաքի Երևանյան փողոցի հանրապետական նշանակության 2 կմ ճանապարհահատվածի հիմնանորոգման ընթացքին։ Արմավիր քաղաքի համար կենսական նշանակություն ունեցող ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ` ՏԿԵ նախարարության պատվիրակությամբ: