Այսօր հազարավոր հավատացյալներ էին հավաքվել Ստամբուլի Սուլթանահամեթի հրապարակում՝ 86 տարվա ընթացքում առաջին անգամ աղոթելու մզկիթի վերածված Սուրբ Սոֆիայում ու նրա շրջակայքում: Իմամը սկսել է իր նամազը, երբ Թուրքիայի նախագահ Էրդողանը Ղուրանից մի հատված է կարդացել, մինարեթներից էլ հնչել է աղոթքի կանչը՝ հայտնում է Associated Press-ը:
Հազարավոր ոստիկաններ են հսկել Սուրբ Սոֆիան, տեղակայվել էին անվտանգության բազմաթիվ անցակետեր, մուտքը մզկիթ սահմանափակ էր: Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ հուլիսի 24-ին Ստամբուլի փողոցները պետք է պարեկեր 17000 ոստիկան:
Կառավարության պատվիրակության այցի ընթացքում տաճար մուտքը փակվել էր: Նահանգապետ Ալի Երլկայան դա բացատրել է կորոնավիրուսի համաճարակի պատճառով կիրառվող միջոցառումներով:
Հազարավոր հավատացյալներ են հավաքվել տաճարի մոտակայքում՝ հայտնում է Reuters-ը: Նրանց մեծ մասը նստած էր աղոթքի գորգերի վրա Սուլթանահամեթի հրապարակում: Ինչպես նախատեսված էր, ծառայության ընթացքում քրիստոնեական խճանկարներն ու որմնանկարները ծածկվել էին վարագույրներով: Տաճարի ներսում եղել է 200-300 մարդ:
Այդ նույն ժամանակ Հունաստանում և Կիպրոսում հնչել են սգո զանգեր, քրիստոնյա հավատացյալները սգում էին Սուրբ Սոֆիայի մզկիթի վերափոխումը: Այդ մասին հայտնում է AMNA հրատարակությունը:
Հայտնի թուրք գրող, գրականության ասպարեզում Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուքն էլ ասել է, որ «Սբ Սոֆիան որպես մզկիթ վերաբացելը նշանակում է շատ պարզորոշ կերպով ասել, որ այլևս չենք հարգում Քեմալ Աթաթուրքի հիմնած աշխարհիկությունը»: